211652_close_icon
views-count748 դիտում article-date 11:35 14-07-2023

Տեր կանգնեք ձեր մանդատին՝ ապահովելու իրական խաղաղություն․ Արցախի ՄԻՊ-ը դիմել է Ռուսաստանին

Արցախի 7 ամիս շարունակվող ամբողջական շրջափակումը հասել է օրհասական կետի, երբ այլեւս լրջագույնս վտանգված է 120 հազար մարդու, այդ թվում 30 հազար երեխաների, 20 հազար տարեցների կյանքը: Այս մասին, այսօր՝ հուլիսի 14-ին, Ստեփանակերտում համաժողովրդական շարժման հանրահավաքում հայտարարեց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:

Նա նաեւ դիմեց ռուս խաղաղապահներին, որոնց 2020 թվականի եռակողմ հայտարարությամբ վերապահվել է Արցախի ժողովրդի կյանքի իրավունքի  եւ ֆիզիկական գոյության հիմնական երաշխավորի դերը. «Մեզ խաղաղություն էր խոստացվել: Խաղաղությունը ամեն օր տեղեկագրերում հրադադարի ռեժիմի խախտումների արձանագրումը չէ: Խաղաղությունը ամենօրյա հաց հայթայթելով ֆիզիկական գոյություն քարշ տալը չէ, խաղաղությունը սեփական հայրենիքում պատանդառված եւ ամեն ինչից զրկված լինելը չէ: Խաղաղությունն ամեն օր հոգեբանական հարձակումների եւ մեզ վրա թափվող անորոշություններիը չեն:

Տեր կանգնեք ձեր մանդատին՝ ապահովելու իրական խաղաղություն, ապահովելու բարեկեցիկ կյանք, որ խոստացել եք մեր ժողովրդին ամենաբարձր մակարդակով»:

Նշենք, որ Արցախում այսօր՝ հուլիսի 14-ին, մեկնարկել է համաժողովրդական շարժումը. Ստեփանակերտի Վերածննդի հրպարակում հազարավոր արցախցիներ են հավաքվել: Շարժման մեկնարկի մասին նախօրեին հայտարարել էր Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը: Հանրահավաքին մասնակցում է նաեւ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Ավելի ուշ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հանդես էր եկել տեսաուղերձով եւ հայտարարել, որ միանում է շարժմանը:

Շարժման նպատակն է հասնել Լաչինի միջանցքի ապաշրջափակմանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր