211652_close_icon
views-count42681 դիտում article-date 22:04 17-07-2023

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն ու Արաբկիրի թաղապետ Արամ Ազատյանը պատմության գիրկը նետեցին արաբկիրցիների համար 30 տարի չլուծվող խնդիրը. այսուհետ «Մեկ պատուհանը» կթեթևացնի բնակչի հոգսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը Երևանի ավագանու նիստերի ժամանակ բազմիցս հայտարարել է , որ վարչական շրջանների ղեկավարների թիվ 1 խնդիրը բնակչության հետ անմիջական և ակտիվ շփումն է: Այդ շփումների արդյունքում է, որ վարչական շրջանների ղեկավարները հենց «առաջին ձեռից» են իմանում համայնքում առկա խնդիրների մասին: 

Այսօր՝ հուլիսի 17-ին, Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի վարչական շենքի առաջին հարկում իր դռները բացեց Հանրապետությունում նմանը չունեցող, եվրոպական չափանիշներին համապատասխան «Մեկ պատուհան» համակարգը: Կարմիր ժապավենը կտրեցին Երևանի փոխքաղաքապետ Տ. Ավինյանն ու Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը, ով Տ. Ավինյանի հանձնարարությամբ ու մտահաղացմամբ կյանքի կոչեց «Մեկ պատուհանը»:

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ կարմիր ժապավենի կտրելը, Տ. Ավինյանն ու Ա. Ազատյանը բարձրացրեցին թաղապետարանի դիմաց տեղադրված Հայաստանի և Երևանի դրոշները, ապա հոգևոր հովվի կողմից տեղի ունեցավ օրհնության կարգ: 

Միջոցառմանը ներկա էին Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը, քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Արմեն Գալջյանը, «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը, Երևանի քաղաքապետի խորհրդական, Երևանի «ամեն մի ծակ ու ծուկը» լավ իմացող Կամո Արեյանը, Երևանի վարչական շրջանների ղեկավարներ և ոչ միայն արաբկիրցիներ, այլ նաև հյուրեր Երևանի մյուս վարչական շրջաններից ու մարզերից: 

Կենտրոնը հագեցված է տեխնիկական ժամանակակից միջոցներով, որը հնարավորություն է տալու քաղաքացիներին իրենց փաստաթղթերի, դիմումների մուտքագրումը, դրանց հիմքով ձևակերպված փաստաթղթերը իրենց ուզած հասցեատերերին առձեռն հանձնել կամ առաքել «Մեկ պատուհանից»:

Ամենակարևոր լուծված խնդիրներից մեկը նաև այն է, որ բնակիչներին սպասարակելու են մասնագիտական բարձր որակավորում ունեցող մասնագետներ: Ծրագրի շրջանակում ներդրվել է նաև հերթագրման համակարգ, ինչը հնարավորություն է տալու արաբկիրցուն առցանց հերթագրվել, որի արդյունքում նա խուսափելու է ժամանակի ավելորդ կորստից, այսինքն, եթե քաղաքացին աշխատանքի ժամին 1 ժամ ընդմիջում է վերցնում, չի ասի, «վազեմ թաղապետարան, հերթագրվեմ, որ գործս առաջ գնա»: 

Տարածքում նաև բնակիչը հնարավորթյուն ունի այսուհետ գույքահարկի, հողի հարկի, աղբահանության և այլ վճարումներ կատարել տեղում գործող վճարահամակարգային տերմինալի միջոցով: 

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ քաղաքացիները իրենց շնորհակալությունն էին հայտնում գաղափարի հեղինակներին և վստահ էին, որ այս լավ գործը վարակի նման կտարածավի նաև Երևանի մյուս վարչական շրջաններում: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 295+
295+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր