211652_close_icon
views-count742 դիտում article-date 17:34 19-07-2023

Հայաստանի և Նիդերլանդների հարաբերությունները զարգանում են փոխվստահության հիմքի վրա. Քյարամյանը՝ Սխերմերսին

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսին։ Այդ մասին հայտնում է ՔԿ-ն:

Ողջունելով պարոն դեսպանին ՀՀ քննչական կոմիտեում՝ Արգիշտի Քյարամյանը նշել է, որ Հայաստանի և Նիդերլանդների հարաբերությունները զարգանում են փոխադարձ վստահության հիմքի վրա, ինչը դրսևորվում է նաև իրավական համագործակցության ոլորտում։ ՀՀ քննչական կոմիտեի նախագահը գոհունակություն է հայտնել առ այն, որ Նիդերլանդների իրավասու մարմիններին ուղղված՝ քրեական վարույթներով ՀՀ քննչական կոմիտեի քննչական բոլոր հարցումները կատարվում են շատ կարճ ժամկետներում և բարձր օպերատիվությամբ։ Ներկա պահին չկան ինչպես ՀՀ քննչական կոմիտեի կողմից ուղարկված, այնպես էլ՝ Նիդերլանդների համապատասխան մարմիններից ստացված՝ չկատարված կամ ձգձգվող իրավական հարցումներ։

Արգիշտի Քյարամյանը հույս է հայտնել, որ Հայաստանում Նիդերլանդների դեսպանատան ակտիվ գործունեության արդյունքում երկու երկրների իրավապահ համակարգերի միջև փոխադարձ վստահության վրա հիմնված հարաբերություններն ավելի կզարգանան։

Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Սխերմերսն իր հերթին շեշտել է իրավապահ ոլորտում Հայաստանի և Նիդերլանդների անխափան գործակցության արդյունավետությունը՝ վստահեցնելով, որ դեսպանատունը բոլոր ջանքերը ներդնելու է՝ դրանք ավելի բարձր մակարդակի հասցնելու համար։ Նա հավելել է, որ դրան խթանում է նաև այն հանգամանքը, որ Նիդերլանդներում են տեղակայված Եվրոպական միության քրեական արդարադատության ոլորտում համագործակցության «Եվրոջասթ» (Eurojust) գործակալության և ԵՄ իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության՝ Եվրոպոլի (Europol) կենտրոնական գրասենյակները, որոնց հետ ՀՀ իրավապահ մարմինները սերտ համագործակցություն են ծավալում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են հանցավորության դեմ պայքարի առանձին ոլորտներում փորձագիտական աջակցությանը, ինչպես նաև՝ տեղեկատվության և փորձի փոխանակմանն ուղղված ծրագրեր իրականացնելու հնարավորությունները, ՀՀ քննչական կոմիտեի և Հայաստանում Նիդերլանդների դեսպանատան միջև հաղորդակցության օպերատիվությունը բարձրացնելու եղանակները, ինչպես նաև՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։ 

Նմանատիպ նյութեր