211652_close_icon
views-count898 դիտում article-date 14:16 22-07-2023

Արարատ Միրզոյանն ընդունել է Իրանի նորանշանակ դեսպանին. քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը

Հուլիսի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ դեսպան Մեհդի Սոբհանիին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։ Հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն:

Նախարար Միրզոյանը շնորհավորել է Մեհդի Սոբհանիին՝ պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ նորանշանակ դեսպանն իր գործունեությամբ կարևոր ներդրում կունենա երկու բարեկամ և հարևան երկրների միջև հարաբերությունների առավել զարգացման հարցում:

Նորանշանակ դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և պատրաստակամություն հայտնել գործադրել առավելագույն ջանքերը երկու երկրների՝ պատմական և քաղաքակրթական հիմքերի վրա անխափան կերպով ընթացող հարաբերությունների առավել խթանման, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի իրականացման ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական ընդգրկուն օրակարգին առնչվող մի շարք հարցեր: Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են դինամիկ զարգացող հայ-իրանական քաղաքական երկխոսությունը՝ կարևորելով բարձրաստիճան փոխայցելությունների իրականացումը: Անդրադարձ է կատարվել երկկողմ առևտրատնտեսական, էներգետիկ և տրանսպորտային ոլորտներում համագործակցության խորացման և իրականացման փուլում գտնվող ու նախանշված ծրագրերի կյանքի կոչման աշխատանքներին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգության հարցերի վերաբերյալ:

Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություների կարգավորման շուրջ վերջին քննարկումներին՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ հայկական կողմի ջանքերն ուղղված են Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը, որը շահեկան կլինի տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար: Երկուստեք շեշտվել է առկա խնդիրները խաղաղ ճանապարհով և բանակցությունների միջոցով կարգավորելու մոտեցումը:

Նախարար Միրզոյանը ներկայացրել է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը՝ ընդգծելով արգելափակման անհապաղ վերացման անհրաժեշտությունը:

Նմանատիպ նյութեր