211652_close_icon
views-count1012 դիտում article-date 16:04 26-07-2023

Քաղաքաշինության կոմիտեում կայացել է պետական ծրագրի շրջանակում բնակարանների վիճակահանությունը

Հանրային 348 ծառայող պետական ծրագրի շրջանակում բնակարան կունենա: Կայացել է հանրային ծառայողներին բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակում Երևան քաղաքի Գրիբոյեդովի 48 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրի 2-րդ փուլի բնակարանների և ավտոկայանատեղիների վիճակահանությունը: Հաղթող ճանաչվածների ցանկը հրապարակվել է Քաղաքաշինության կոմիտեի կայքի «Ծրագրեր» բաժնում (https://minurban.am/storage/Bnakaranayin%20tsragrer/Griboyedovi%2048%202rd%20pul/%D5%91%D5%B8%D6%82%D6%81%D5%A1%D5%AF-%D4%B3.pdf): Տեղեկացնում է Քաղաքաշինության կոմիտեն։

Վիճակահանությամբ բաշխվել է 339 բնակարան, մնացած 9-ը ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված արտոնության համաձայն՝ առանց վիճակահանության հատկացվել է հանրային այն ծառայողներին, որոնց ընտանիքի անդամը զոհվել է 2020թ. 44-օրյա պատերազմում:

Վիճակահանությանը մասնակցել է 2559 հանրային ծառայող: Հավակնորդների մեծ թվով պայմանավորված՝ առցանց վիճակահանությունն անցկացվել է երկու օրվա ընթացքում և ուղիղ եթերով հեռարձակվել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և «Կոմիտաս պարկ» բնակելի թաղամասի ֆեյսբուքյան էջերում: Շահող մասնակիցներն այդ մասին ավտոմատ ծանուցում են ստացել:

Առաջիկա օրերի ընթացքում բնակարան չշահած մասնակիցների կատարած կանխավճարները վերադարձվելու են նախնական հայտում նշված հաշվեհամարներին՝ առանց լրացուցիչ դիմում ներկայացնելու: Իսկ շահող մասնակիցներն աշխատանքային 30 օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով ստանալու են գնման իրավունքի պայմանագիր կնքելու առաջարկ (օֆերտա): Գործընթացը բավականին պարզեցվել է. հանրային ծառայողները փաստաթղթի առանձնացված դաշտերում պարզապես պետք է լրացնեն իրենց տվյալները և նշեն՝ վճարման ու բնակարանը ներքին հարդարմամբ կամ առանց հարդարման ձեռք բերելու նախընտրած տարբերակը, սքանավորեն և էլեկտրոնային եղանակով ուղարկեն կոմիտե:

Օֆերտան ստանալուց հետո աշխատանքային 15 օրվա ընթացքում անհրաժեշտ է կատարել առաջին փուլով նախատեսված վճարումները՝ բնակարանի արժեքի 10%-ի և ավտոկայանատեղիի արժեքի 20%-ի չափով: 

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել Քաղաքաշինության կոմիտեի քաղաքաշինական ծրագրերի իրականացման վարչության բնակարանային ծրագրերի բաժին՝ 011 621 776 և 011 621 714 հեռախոսահամարներով: Ծրագրի վերաբերյալ ողջ տեղեկատվությունը զետեղված է Քաղաքաշինության կոմիտեի կայքի «Ծրագրեր» բաժնում (www.minurban.am/hy/hanrayinbn) և www.statemultiapartment.am հարթակում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր