211652_close_icon
views-count27992 դիտում article-date 12:47 31-07-2023

Երևանում վիճաբանությունն ավարտվել է 17 և 18-ամյա տղաների դանակահարությամբ․ բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 29-ին վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը՝ ժամը 22։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նոր Արեշի 12-րդ փողոցում վիճաբանություն է տեղի ունենում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչև դեպքի վայր կժամանեին Ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը, «Մուրացան» բժշկական կենտրոնից Ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Հիվանդանոց մեկնած Ոստիկանության ծառայողներին բժիշկները հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ վիրահատարանում է։

Մինչև բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, Էրեբունու ոստիկանները պարզել են, որ նա Երևանի բնակիչ, 17-ամյա Գոռ Հ․-ն է։

Կարճ ժամանակ անց «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում Ոստիկանության Էրեբունու բաժին և հայտնում, որ «ձախ ազդրի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Նշված կենտրոն են մեկնում Ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը, որտեղ բժիշկները ոստիկաններին հայտնում են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։

Էրեբունու ոստիկանները պարզում են, որ վիրավորը Երևանի բնակիչ, 18-ամյա Նարեկ Մ․-ն է։

Ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ աշխատաքներ՝ Էրեբունու ոստիկանները պարզում են, որ նույն օրը՝ ժամը 22։30-ի սահմաններում, Նոր Արեշ 12 փողոցի թիվ 99 շենքի դիմացի այգում Գոռ Հ․-ն, Նարեկ Մ․-ն և Երևանի բնակիչ, 16-ամյա Տիգրան Տ․-ն վիճաբանություն են ունեցել Երևանի բնակիչ, 30-ամյա Կորյուն Գ․-ի հետ, ովքեր ըստ նախնական տեղեկությունների՝ ծեծի են ենթարկել վերջինիս, որի ժամանակ էլ Կորյուն Գ․-ն իր մոտ եղած սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է Գոռ Հ․-ին և Նարեկ Մ․-ին։

Էրեբունու ուտիկանները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ Կորյուն Գ․-ին և հանցագործության գործիքը հայտնաբերուլու ուղղությամբ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ դեպքի փաստով Ոստիկանության Էրեբունու բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվելու են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 

Նմանատիպ նյութեր