211652_close_icon
views-count35474 դիտում article-date 12:38 04-08-2023

Երևանում պարեկներն իրականացրել են «Հագել ես դեղին, թմրանյութը՝ նստատեղիդ» օպերացիա․ կասկածյալի մոտ հայտնաբերվել է 70 փաթեթ թմրամիջոց

Այսօր՝ օգոստոսի 4-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Դավիթաշեն թաղամասի բնակիչներից մեկը հնարավոր է՝ իր մոտ թմրանյութ է պահում և իրացնում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանի հանձնարարականով, Երևանի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի և Երևանի գնդի 4-րդ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ, պարեկները գործի են անցնում և իրականացնում «Հագել ես դեղին, թմրանյութը՝ նստատեղիդ» օպերացիան։

4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Խաչիկ Հովհաննիսյանն ու Լևոն Բաղդասարյանը կասկածյալին նկատում են Դավիթաշեն 3-րդ թաղամասում, ով լինում է Subaru մակնիշի ավտոմեքենայով։

Պարեկները մոտենում են նրան, ով փորձում է արդարանալ, թե ավտոմեքենան տանում է ավտոլվացման կետ, սակայն պարեկները, ինչպես ժողովորդուն է ասում «նրա տված խայծը կուլ չեն տալիս» և թմրանյութ, իրացնելու կասկածանքով նրան ավտոմեքենայով տեղափոխում են Դավիթաշենի ոստիկանական բաժանմունք։

Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվում է դեղին և կարմիր գույնի 70 փաթեթներով  դեղնականաչավուն զանգվածով ընդհանուր 129․66 գրամ քաշով թմրամիջոց։

Ավտոմեքենան տեղափոխվում է Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի պահպանվող հատուկ տարածք։

Դեպքի փաստով Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքում կազմվում են փաստաթղթեր, որոնք էլ բերման ենթարկված Երևանի բնակիչ, 26-ամյա Էմիլ Ն․-ի հետ ներկայացվում են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 

Նմանատիպ նյութեր