211652_close_icon
views-count46142 դիտում article-date 15:07 10-08-2023

Սևանում պարեկներն իրականացրել են «Խաչիկը, Վաչիկը, Քաջիկը, Հրաչիկը» օպերացիան. հայտնաբերել են «գոլդ» համարանիշներով «յաշիկներն» ու ուկրաինական համարանիշներով Lexus-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության պետ, Ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանը բազմիցս ՊԾ գումարտակների հրամանատարներին հայտնել է, որ ՀՀ ՆԳՆ նախարար Վահե Ղազարյանի, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետ, Шստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի կարգադրություններով Հանրապետությունում պետք է շարունակվի պայքարը, այսպես ասած, ավտոմեքենաներով միմյանց ուղեկցելու արատավոր երևույթի դեմ: 

Գաղտնիք չէ, որ Պարեկային ծառայության գործունեության առաջին իսկ օրվանից այդ երևույթի դեմ ուժեղացված պայքարը իր դրական արդյունքն է տվել, սակայն շատ դեպքերում մարդիկ մտածում են, թե «էտա ասեցին, մոռոցան ու ոչ մի պայքար էլ չեն անի ադ ուղղությամբ»:
Այսօր՝ օգոստոսի 10-ին, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակում տեղեկություններ են ստացվել, որ Սևան քաղաքում մի քանի ավտոմեքենաներ ուղեկցում են միմյանց և իրենց զգում են, ինչպես «ձուկը ջրում»:

Գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի հանձնարարականով նույն գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Խաչիկ Կարապետյանի գլխավորությամբ, պարեկները անցնում են գործի և գումարտակի ծառայության տեսուչ Հրաչյա Գևորգյանի, նույն վաշտի պարեկ Մկրտիչ Մելքոնյանի և կրտսեր պարեկ Արման Բադալյանի մասնակցությամբ, տաք հետքերով հայտնաբերում են Mercedes G մակնիշի 88 DB 888 համարանիշի, Mercedes G 500 մակնիշի 88 BJ 888 համարանիշի և Lexus LX 450 մակնիշի BT 8888 BT ուկրաինական համարանիշներով ավտոմեքենաները, որոնք պարեկները տեղափոխում են Ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: 

Վարորդները արդարացել են, թե իրենք ազգականներ են և առանց խախտում կատարելու իրենք իրենց համար շրջում էին և անակնկալի են եկել, երբ պարեկները իրենց կանգնեցրել ու տեղափոխել են «պլաշադկա»: 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ օպերացիան կրել է «Խաչիկը, Վաչիկը, Քաջիկը, Հրաչիկը» անունը, քանի որ ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակում տեղեկություններ ստանալիս աղբյուրը հայտնել է, որ ավտոմեքենաներից մեկի միջից լսվում էր սիրված ու ճանաչված երգչուհի Սիլվա Հակոբյանի «Խաչիկը, Վաչիկը, Քաջիկը, Հրաչիկը» երգը:

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+

Նմանատիպ նյութեր