211652_close_icon
views-count31171 դիտում article-date 12:01 15-08-2023

Վրաերթ Արմավիրի մարզում, որից հետո Kia-ն բախվել է վրաերթ կատարած ավտոմեքենային․ վերջինը գխիվայր շրջվել է․ կան վիրավորներ․ ժամանել է մարզի ոստիկանապետը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ օգոստոսի 14-ին, վրաերթ և ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ, 53-ամյա Արտակ Մ․-ն իր վարած ՎԱԶ-2107 մակնիշի ավտոմեքենայով Սարդարապատ գյուղի Աբովյան փողոցում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտն, Արմավիրի մարզի բնակիչ, 62-ամյա Արուսյակ Հ․-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխվել «Արմավիր» բժշկական կենտրոն։

Մինչ դեպքի վայր կժամանեին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Մառլեն Սարգսյանի, դասակի հրամանատար Արտակ Հակոբյանի գլխավորությամբ, Արմավիրի մարզի բնակիչ, 40-ամյա Հայկ Կ․-ն իր վարած Kia Optima մակնիշի ավտոմեքենայով բախվում է կայանված ՎԱԶ-2107-ին, որը գլխիվայր շրջվում է։

Վթարի հետևանքով Kia-ի ուղևոր Արմեն Մ․-ն, ում տվյալները պարզվում են, մարմնական վնասվածքներով տեղափոխվում է «Արմավիր» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Հովհաննես Արիստակեսյանն ու Ոստիկանության Արմավիրի բաժնի պետ Վոլոդյա Գևորգյանը։

Վրաերթ-վթարի մասին Ոստիկանության Արմավիրի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Երկու դեպքերի փաստով Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Ոստիկանության Արմավիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+

Նմանատիպ նյութեր