211652_close_icon
views-count673 դիտում article-date 18:26 15-08-2023

ՆԳ փոխնախարարը և ԱՄՆ ՀԴԲ իրավական կցորդը քննարկել են քրեական ոստիկանության ոլորտի հարցեր

Օգոստոսի 15-ին ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ընդունել է ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի հետաքննությունների դաշնային բյուրոյի՝ Հայաստանում և Վրաստանում իրավական կցորդ Հեդեր Բերգիին։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից:

Փոխնախարար Սարգսյանը ողջունելով հյուրերին՝ բարձր է գնահատել ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի հետաքննությունների դաշնային բյուրոյի հետ սերտ փոխգործակցությունը և պատրաստակամություն հայտնել զարգացնելու այն։

Արփինե Սարգսյանը, ներկայացնելով քրեական ոստիկանությունում ընթացող բարեփոխումները, ընդգծել է թմրամիջոցների անօրինական շրջանառության, թրաֆիքինգի, կիբերհանցավորության, փողերի լվացման և անօրինական միգրացիայի ոլորտներում համագործակցության խորացման անհրաժեշտությունը։

ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի հետաքննությունների դաշնային բյուրոյի՝ Հայաստանում և Վրաստանում իրավական կցորդ Հեդեր Բերգին շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ նույնպես պատրաստակամություն է հայտնել շարունակելու արդյունավետ համագործակցությունը, որն ուղղված է հանցավորության դեմ պայքարին։

Քրեական արդարադատության ոլորտում իրականացված փոփոխությունների համատեքստում կողմերը կարևորել են Ոստիկանության կողմից օպերատիվ-հետախուզական աշխատանքը ժամանակակից մարտահրավերներին դիմակայելու տրամաբանությամբ կազմակերպելու, քննչական մարմինների հետ արդյունավետ համագործակցություն ապահովելու մոտեցումների երաշխավորումը։

Հանդիպմանը քննարկվել են քրեական ոստիկանության ոլորտում հետագա համագործակցության, ծառայողների վերապատրաստման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Նմանատիպ նյութեր