211652_close_icon
views-count39719 դիտում article-date 10:57 16-08-2023

Տիգրան Ավինյան, տեղյա՞կ եք՝ ինչ է կատարվում Դավիթաշենում․ 30 տարվա խնամված ծառերի համատարած սպանդի դեմը Դուք կարող եք առնել․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ մինչև 2050 թվականը Հայաստանում տնվելու են 100 միլիոնավոր ծառեր, իսկ Երևանի քաղաքապետի տեղակալ, առաջիկայում Երևանի ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանն էլ ամեն անգամ, երբ բակային հանդիպումներ է ունենում բնակիչների հետ, հայտարարում է, որ Երևանում ոչ միայն չեն կտրվելու ծառեր, այլ նաև ավելանալու են կանաչ գոտիները, այլ կերպ ասած՝ իշխանությունները երևանցիներին տալու են կանաչ թթվածին։

Երեկ՝ օգոստոսի 15-ին SHAMSHYAN.com-ը բազմաթիվ ահազանգեր է ստացել Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի 2-րդ թաղամասի բազմաբնակարանային շենքերի բնակիչներից, ովքեր արդարացիորեն իրենց դժգոհությունն էին հայտնում, որ առավոտվանից ծանր տեխնիկաներով ինչ-որ մարդիկ ծառերի սպանդ են իրականացնում։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին․ «30 տարուց ավելի այս հսկայական տարածքը, որը կարելի է ասել քարակույտի էր նման, մեր ուժերով մաքրել ենք։ Ամբողջ տարածքը լցված էր աղբով, հեռացրել ենք ու ծառեր ենք տնկել՝ հիմնականում մրգատու․ անգամ երկար տարիներ տանից դույլերով ջուր ենք կրել ու խնամել ծառերը։ Այդ ամենի արդյունքում տարածքում, կարծես, մինի անտառ ենք ստեղծել, էլ չենք ասում, որ վերացել են փոշին ու կեղտը, օձերն ու կարիճները, իսկ այսօր տեսանք, թե ինչպես են ինչ-որ մարդիկ տրակտորով մտել ու ավիրում են ողջ բուսականությունը։ Հարցնում ենք՝ ինչի՞ համար եք անում, պատասխանում են, թե Դավիթաշենի թաղապետի ցուցումով են այդ ամենը կատարում և այդ հատվածում պետք է ճանապարհ բացեն։ Այն, որ ճանապարհ բացելը լավ բան է, դա մենք էլ ենք ողջունում, բայց բնությունը վերացնելով՝ 30 տարվա պահած ու մշակված ծառերի սպանդ իրականացնելով՝ դա արդար չէ, այն դեպքում, երբ մի քանի մետր վերև մեծ տարածք կա, որն անմխիթար է, կարող են շրջանցել ու այնտեղ ստեղծեն ճանապարհը, եթե իհարկե նրանք ճիշտ են ասում, որ ճանապարհ են սարքելու, իսկ մենք լսել ենք, որ ինչ-որ օբյեկտ են ուզում կանգնեցնել։ Զարմանում ենք նաև, որ բնապահպան ոչ մի կազմակերպությունից չեն փորձում այցելել ու տեսնել, թե ինչպես են համատարած վերացնում այս հսկայական տարածքի ծառերը։ Գուցե չգիտեն դեռ, բայց հիմա խնդրում ու պահանջում ենք, որպեսզի բնապահպան կազմակերպությունները գան ու միջոցներ ձեռնարկեն բնության ոչնչացումը փրկելու համար»։

Հարցին, թե գուցե Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավարը առանց վերևների նման բան չկարողանալ անել, բնակիչներն ասում էին․ «Քաղաքապետարանի թեժ գիծ էլ ենք զանգահարել մի քանի անգամ, մեզ պատասխանում են, թե արձակուրդի մեջ են։ Մի՞թե 1 հոգի չկա էդ Քաղաքապետարան կոչված շենքում, որ գա ու հստակ պատասխան տա մեզ էս բարբարոսության համար։ Տիգրան Ավինյանը ամեն Աստծո օր հայտարարում է, թե Երևանին օդի ու ջրի նման թթվածին է պետք, բա հիմա ինչո՞ւ է էս ամբողջ հատվածի ծառերը վերացվում։ Քաղաքակիրթ երկրում ծառերի նման սպանդի համար կատարողները ամենախիստ պատժի կենթարկվեին, իսկ մեզ մոտ կարծես թե խրախուսվում է բնության նկատմամբ իրականացվող ծառերի սպանդը»։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այս ամենը կատարվում է Դավիթաշեն 2-րդ թաղամասի 7, 8 և մի քանի բարձրահարկ շենքերի ետնամասում։

Քիչ առաջ SHAMSHYAN.com-ը ստացել է Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավարի պարզաբանումը խնդրի վերաբերյալ, որը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Դավթաշեն վարչական շրջանի 2-րդ թաղամասի վերջնամասում կառուցվում է նոր ճանապարհ որը միանալով նախորդ տարի կենտրոնական այգու վերջնամասում կառուցված ճանապարհն էականորեն թեթևացնելու և առավել անվտանգ է դարձնելու ոչ միայն ներդավթաշենյան երթևեկությունը:
Սա Դավթաշենի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի նմանատիպ երկրորդ նախաձեռնությունն է և այսօրինակ ճանապարհաշինական և բակազատումների ծրագրերն ունեն շարունակական բնույթ»։


Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր