211652_close_icon
views-count63078 դիտում article-date 18:42 07-01-2019

«Դիլիջան» ազգային պարկի տնօրենը արդյո՞ք տեղյակ չէ պարկում իրականացված համատարած ծառերի սպանդի մասին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երբ 2018 թվականի օգոստոսին Սուրիկ Աղաջանյանը նշանակվեց «Դիլիջան» ազգային պարկի տնօրեն, իսկ նրա տեղակալ՝ «Հենո» մականվամբ Հենրիկ Մարտիրոսյանը, տնօրեն Ս. Աղաջանյանը ամեն անգամ կուրծք ծեծելով հանրությանը հավաստիացնում էր, որ իր պաշտոնավարման ընթացքում ազգային պարկում որևէ ծառահատում տեղի չի ունեցել: [url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ը լուսանկարներ և տեսանյութ է հրապարակում, որով հերքվում են Ս. Աղաջանյանի ամպագոռգոռ հայտարարությունները և ցույց տալիս, թե ինչպիսի բարձիթողի իրավիճակ է տիրում ազգային պարկում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ազգային պարկի ծառերի իսկական սպանդ է իրականացվել Շամախյան և «Փիլիկ» կոչվող տեղամասերում, և ծառերի սպանդը իրականացվել է Տավուշի մարզում հայտնի, քրեական հարուստ անցյալ ունեցող Արագած Թամազյանի՝ «Արգո» մականվամբ անձի կողմից: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, տրակտորը, որով անխնա ոչնչացրել են անտառը, որպես իրեղեն ապացույց, հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից ի պահ է հանձնված եղել Հաղարծին տեղամասում, սակայն այն աշխատացրել են Ս. Աղաջանյանի, Հ. Մարտիրոսյանի և «Արգոյի» գիտությամբ, Հաղարծին տեղամասից այն տեղափոխել ու շահագործել են Շամախյան տեղամասում, իսկ Հաղարծինից Շամախյան ճանապարհը կազմում է 25-30 կմ հեռավորություն: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի զրույցում մի քանի տավուշցիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին. «Ս. Աղաջանյանը՝ ասես «գառան մորթի» հագած գայլ լինի: Նշանակվելուց մի քանի օր աղմուկ բարձրացրեց, իսկ հետո իրեն դրեց «Ոսկե այծքաղը» հայտնի մուլտֆիլմի հերոս ագահ փադիշահի տեղը ու հիմա իր յուրայիններով, «Արգոյի» տեխնիկայով, ռուսական կեղծ համարանիշներով ավտոմեքենայով անտառի արյունն է ծծում: Ճիշտ է, գիտենք նաև, որ իրավապահները, մասնավորապես՝ ոստիկանությունն ու դատախազությունը ուժեղացրել են պայքարը ապօրինի ծառահատումների դեմ, բայց մեկ է, Սուրիկը կարողանում է տակից դուրս գալ: Ինչպես ասում էր նախկին զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանը, համ կույս է մնում, համ՝ հաճույք ստանում»: [url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ը պատրաստ է խնդրի վերաբերյալ ներկայացնել «Դիլիջան» ազգային պարկի ղեկավարության պարզաբանումը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր