211652_close_icon
views-count631 դիտում article-date 17:24 22-08-2023

Ադրբեջանը պարտավոր է ապահովել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը. Բելգիայի արտգործնախարար

Բելգիան լիովին կիսում է Եվրամիության կարծիքը՝ Ադրբեջանի պարտավորությունն է ապահովել Ղարաբաղի բնակիչների անվտանգությունը և ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով։ Այս մասին օգոստոսի 22-ին Երևանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ճեպազրույցում ասաց Բելգիայի Թագավորության ԱԳ նախարար Հաջա Լահբիբը։

Նրա խոսքով, Բելգիան և Եվրամիությունն իրենց դիվանագիտական ​​շփումների ընթացքում կշարունակեն գործել այդ ուղղությամբ։

«Ես այստեղ եմ՝ իմ աջակցությունը հայտնելու հակամարտության կարգավորմանը, որը չի լուծվել ավելի քան 100 տարի և բազմաթիվ զոհերի պատճառ է դարձել», - հավելել է նա։

Հաջա Լահբիբը հայտնել է Բելգիայի լուրջ մտահոգությունը Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի կապակցությամբ։

«Ես հստակ հայտարարում եմ, որ այս պատմական հակամարտությունից միակ ելքը բանակցությունների և փոխզիջումների ճանապարհն է, նույնիսկ եթե դրան հասնելը դժվար է: Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի կազմակերպած հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններն առաջընթաց են։ Երկու երկրների ղեկավարները վերահաստատել են երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Հայաստանի վարչապետի խոսքերն Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման վերաբերյալ ուղղված են խաղաղությանը։

Հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը պետք է հարգվեն,  ես այս մասին կհիշեցնեմ իմ ադրբեջանցի գործընկերոջը։

Բելգիան անհանգստացած է հումանիտար իրավիճակով և դրա վատթարացմամբ։ Լաչինի միջանցքով տեղաշարժի սահմանափակումը լուրջ հետևանքներ է առաջացնում, սովի և հիվանդացության աճի վտանգ։ Դա հաստատվել է նաեւ այսօր ԿԽՄԿ-ի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։ Ղարաբաղի բնակիչների կյանքին վտանգ է սպառնում, սա անընդունելի է։

Մենք չպետք է մոռանանք Հայոց ցեղասպանությունը, մեր պատմության այս ողբերգական էջը։ Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի պատմությունը չկրկնվի»,- շեշտեց նախարարը։

Նմանատիպ նյութեր