211652_close_icon
views-count700 դիտում article-date 13:10 27-08-2023

Տևական դադարից հետո Շիրակի երկրագիտական թանգարանը հանդես է գալիս հնագիտական նմուշների ցուցադրությամբ

Տևական դադարից հետո Շիրակի երկրագիտական թանգարանը հանդես է գալիս հնագիտական նմուշների ցուցադրությամբ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայ-գերմանական համատեղ արշավախմբի պեղումներից հայտնաբերված նյութական մշակույթի բացառիկ գտածոները ներկայացված են ցուցադրության մեջ։ Սեփական տարածքն ու ցուցադրության հնարավորություն չունենալու պատճառով ցուցադրությունն այս պահին ներկայացված է  Գյումրու «Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահ»-ում։

«Անտեսել ու չնկատել, թե ինչ աշխատանք է կատարել արշավախումբն անցած տարիների ընթացքում՝ անհար է: Այս՝ «Հողի գաղտնիքը» ցուցադրությունը նվիրված է 14 տարիների ընթացքում Շիրակ աշխարհում կատարված պեղումներին։  Ցավոք, 2018 թվականից թանգարանին  տրամադրվել է շենքը, բայց մինչ այսօր գումարներ չկան կառույցը նորոգելու, ինչը հնարավորություն չի տալիս թանգարանի տարածքում ցուցադրություններ կազմակերպել, բայց մենք շարունակելու ենք մեր ցուցադրությունների շարքն ու  հետայսու  թանգարանը տարբեր ցուցադրություններ է անելու Շիրակ աշխարհում»,- նշել է  թանգարանի տնօրեն Մերուժան Մինասյանը։

Արշավախումբն իր աշխատանքերը սկսել է դեռևս 2009 թվականին՝ ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի և Գերմանիայի Հալլեի Մարտին Լյութերի անվան համալսարանի համագործակցության արդյունքում։ Արշավախումբը պեղումներ է իրականացրել Շիրակի մարզի Ազատան ու Ջրափի համայնքերի տարածքներում։

Ցուցադրությանը ներկայացված է արշավախմբի կողմից Ազատանի ու Ջրափիի տարածքներից հայտանբերված մոտ 140 իր։
«Բնականաբար արդյունքերը շատ ավելի մեծ են՝ ներկայացված Ազատանի ու Ջրափիի արդյունքների մի փոքր մաս։ Երկու հուշարձաններից ձեռք բերված է ամենավաղը մոտ 4-րդ հազարամյակից սկսած մինչև մեր թվագրության 7-6 դարերի նյութեր։

Կարելի է ասել, որ հատկապես Ազատանը շատ բացառիկ հուշարձան է ու լավ պահպանված հնավայրերից է, ինչպես նաև Ջրափին, որ հարուստ գտածոներ ունի։ Ցուցադրությանը ներկայացված են հիմնականում դամբարանի պեղումներից գտնված իրեր»,- նշել է հնագետ Լևոն Աղեկյանը։

1930թ.-ին ստեղծված երկրագիտական թանգարանը, որտեղ պահվում է ավելի քան 25 հազար ցուցանմուշ, տարիներ շարունակ զրկված է շենքային և գործունեություն ծավալելու նորմալ պայմաններից: Ունենալով հարուստ ցուցադրություն, Շիրակի երկրագիտական թանգարանի ցուցանմուշները հասարակության համար հասանելի չեն` շենքային պայմանների բացակայության պատճառով: Թեև 2018 թվականին, ՀՀ կառավարության որոշմամբ, Գյումրու Ջիվանու փողոցի 74 հասցեում գտնվող հիվանդանոցի նախկին շենքն անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով հատկացվել է ՀՀ Շիրակի մարզի «Շիրակի երկրագիտական թանգարան» ՊՈԱԿ-ին, մինչ օրս դեռ տեսանելի քայլեր արված չեն կառույցի վերանորոգման ու թանգարանային պայմաններին հարմարեցման ուղղությամբ՝ կառույցի հիմնանորոգման համար անհրաժեշտ գումարի բացակայության պատճառով։  

Նմանատիպ նյութեր