211652_close_icon
views-count18128 դիտում article-date 10:28 02-09-2023

Արտակարգ դեպք Երևանում. ավտոմեքնենա բախվել է մոպեդին, կողաշրջել այն և հեռացել դեպքի վայրից. վիրավոր ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:50-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բագրատունյաց 2/4 հասցեի դիմաց բախվել է երթևեկող մոպեդին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել է, իսկ մոպեդավարն ու մոպեդի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: 

Վիրավորներին առաջինը օգնության են հասել դեպքի վայրի հարևանությամբ գործող բենզալցակայանի աշխատակիցները: 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ:

Տեղում ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Նորիկ Մանուկյանն ու Մարտուն Պետրոսյանը:

ՊԾ Երևան քաղաքի գնդից դեպքի մասին տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, քննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:

Պարեկային ծառայությունն ու Քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը և ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ մոպեդին բախված, դեպքի վայրից հեռացած ավտոմեքենան ու վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:

Գ. Շամշյանի տեղեկություններով վիրավորները ամուսիններ են: 

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+

Նմանատիպ նյութեր