211652_close_icon
views-count1108 դիտում article-date 23:01 05-09-2023

Ադրբեջանական ուղիղ նշանառության տակ են ոչ միայն «Սյունիք» օդանավակայանը, այլև «Տաթև» ՀԷԿ–ը, Կապանի Գեղանուշի պոչամբարը և ռազմավարական այլ օբյեկտներ․ Արման Թաթոյան

Ադրբեջանական զինված ուղիղ նշանառության տակ են ոչ միայն «Սյունիք» օդանավակայանը, այլ նաև ՀԷԿ Ջերմուկում, «Տաթև» ՀԷԿ–ը, Կապանի Գեղանուշի պոչամբարը, և ռազմավարական նշանակության այլ օբյեկտներ։ Այս մասին հայտնել է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը։

«Պատերազմի ավարտից սկսած անընդհատ փաստերով ցույց եմ տվել ադրբեջանական զինված ծառայողների անօրինական ներկայութունը «Սյունիք» օդանավակայանի, թռիչքուղիների անմիջական հարևանությամբ։ Ցույց եմ տվել նրանց անօրինական ամրացումները և թե դա ինչ վտանգների է բերելու։

Այդ ժամանակ բացարձակ անտեսվում էր ամեն ինչ՝ բացառելով մարդկանց իրավունքների անվտանգության հիմքով պաշտպանությունը: Հերքվում էր ամեն ինչ»,- գրել է նա իր ֆեյսբուքյան էջում։

Նա նշել է, որ վերջերս արձանագրվում են ադրբեջանական զինված ծառայողների կրակոցներ թե՛ Կապանի «Սյունիք» օդանավակայանի, թե՛ չվերթ իրականացնող քաղաքացիական ինքնաթիռի ուղղությամբ։

«Օդանավակայանին (ժամանման սրահ, կարգավարի սենյակ և այլն) ու ինքնաթիռին կրակոցներով հասցված վնասները վկայում են, որ դրանք թիրախային են։ Ընդ որում, կրակոցներն օդանավակայանի թռիչքուղիների անմիջական հարևանությամբ ադրբեջանական անօրինական զինված դիրքերից են։

Այդ վայրերից ադրբեջանական զինված ծառայողների թիրախի ներքո են նաև Մ2 միջպետական մայրուղին՝ օդանավակայանից դեպի Կապան տանող հատվածը (299-301-րդ կմ, Գործարանային փողոց), ինչպես նաև Կապան համայնքի մի մասը։

Քանիցս փաստերով ցույց եմ տվել, որ ադրբեջանական զինված ուղիղ նշանառության տակ են ոչ միայն «Սյունիք» օդանավակայանը, այլ նաև ՀԷԿ Ջերմուկում, «Տաթև» ՀԷԿ–ը, Կապանի Գեղանուշի պոչամբարը, և ռազմավարական նշանակության այլ օբյեկտներ։ Այս ամենը նրանց շարունակվող հանցանքների ու հայատյաց քաղաքականության, պետական հովանավորությամբ անպատժելիության ֆոնին էլ ավելի է հիմնավորում ադրբեջանական զինված ծառայողների հեռացումը:

Հետևաբար, առաջնային է մնում ադրբեջանական զինված ծառայողների` օր առաջ հեռացումը, այդ թվում՝ անվտանգության գոտի ստեղծելու միջոցով։

Բա հիմա այս ամենն ու՞մ պատասխանատվությունն է։

Իշխանության ու պաշտոնի համար մղձավանջային վախերի պատճառով ավելի վտանգվեցին մեր քաղաքացիների կյանքն ու առողջությունը։ Այսքան օրհասական վիճակում լինելով` էլի նույն սկզբունքով շարունակում են հերքումները»,- գրել է նա:

Նմանատիպ նյութեր