211652_close_icon
views-count877 դիտում article-date 12:46 25-09-2023

Արցախում չկա մարտական դիրք, որտեղ լքած զինծառայող լինի. Տիգրան Աբրահամյան

Արցախցիները իրենց մարտը բոլոր առումներով տվեցին, որքան հնարավոր է պահեցին առաջնագծի՝ իրենց վստահված հատվածը։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, հայտնում է Tert.am-ը։

«Չկա մարտական դիրք, որտեղ լքած զինծառայող լինի։ Բոլոր ուղղություններով մարտեր են մղվել, կան դիրքեր, որտեղ ամբողջությամբ ողջ անձնակազմը զոհվել է։ Մի կողմից 9 միլիոնանոց Ադրբեջան էր, որին աջակցում էր Թուրքիան, մյուս կողմից բլոկադայի մեջ գտնվող Արցախը, բնականաբար Արցախը երկար ժամանակ դիմադրել չէր կարող։

Այն հանգամանքը, որ ՀՀ իշխանությունները պասիվ կեցվածք ընդունեցին, հայտարարեցին, որ որևէ պայմաններում չեն միջամտելու, դա ևս Ադրբեջանին արտոնում էր ամենածանր ձևով շարունակելու մարտական գործողությունները։ Պատահական չէ, որ լայնամասշտաբ գործողությունների ժամանակ կիրառվեց ադրբեջանական զինանոցի ողջ հնարավորությունները ու ռեսուրսները»,- ասաց պատգամավորը։
Աբրահամյանը անդրադարձավ նաև ՀՀ սուվերեն տարածքների վրա Ադրբեջանի հարձակման հավանականությանը։

«Ադրբեջանը ուժի կիրառմանը դիմելիս՝ որևէ բանից չի խորշում։ Այն, որ ՀՀ իշխանությունները նույնիսկ պաշտոնապես են խոստովանում 150 քա կմ և ավել կորուստները, խոսում է այն մասին, որ Ադրբեջանի համար ոչ կա ինքնիշխանության խնդիր, ոչ էլ միջազգային կառույցները լուրջ միջոցներ են ձեռնարկում  այն կանխելու համար։

Այս պայմաններում Արցախին հարված հասցնելուն զուգահեռ նկատելի է, որ հատկապես թուրքական մամուլը ակտիվորեն առաջ է մղում այն մոտեցումը, որ այսպես կոչված «Զանգեզուրյան միջանցքի» հարցը պետք է ցանկացած գնով լուծել։ Դա իր մեջ, ըստ էության պարունակում է սպառնալիք և շանտաժ, որովհետև եթե նույնիսկ խոսքը ուժի միջոցով այն միջանցքին հասնելու մասին չէ, ապա ակնհայտ է, որ բանակցային գործընթացում Թուրքիան ու Ադրբեջանը փորձում են շանտաժիստների գնով հասնել իրենց համար ցանկալի արդյունքի»,- ասաց Աբրահամյանը։

Վերջինս խիստ մտահոգիչ համարեց Հայաստանի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը և որ Թուրքիայի ու Ադրբեջանի ամբողջ կենտրոնացումը այսուհետ լինելու է ՀՀ տարբեր հատվածների ուղղությամբ։
«Ռազմական ու քաղաքական ուղղությունը  դառնալու է Սյունիքի ուղղությունը և սա միայն սյունեցիներին վերաբերող խնդիր չէ նաև այն առումով, որ Նախիջևանը սահմանակից է Արարատի մարզին։ Այդ ուղղությամբ Ադրբեջանը ոչ միայն ամրաշինական աշխանքներ է տարել, այլ նաև նոր զորատեսակների նոր դիրքավորում է իրականացրել։ Այս վտանգը իր ռիկսերի մեջ պետք է գնահատել»,- նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Նմանատիպ նյութեր