211652_close_icon
views-count140807 դիտում article-date 10:36 29-09-2023

Խոշոր ու ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում․ բախվել են Howo բեռնատարն ու Nissan X-Trail-ը․ Howo-ն կողաշրջված, Nissan-ը մեջտեղից կիսված՝ հայտնվել են ձորում․ ՀՀ ՊՆ ծառայողը տեղում մահացել է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 07։40-ի սահմաններում Աշտարակ-Նոր Գեղի ավտոճաապարհի 7-րդ կմ հատվածում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 36-ամյա Վիգեն Մ․-ի վարած Nissan X-Trail մակնիշի և 53-ամյա Համլետ Հ-ի վարած, խճաքարով բարձված, Howo մակնիշի բեռնատարը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհով անցնող գազատար խողովակներին և Howo-ն կողաշրջված, իսկ Nissaն-ը 2 մասի բաժանված վիճակում՝ հայտնվել են ձորակում։

Վթարի հետևանքով Nissan-ի վարորդը տեղում մահացել է։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Եղվարդի թիվ 46 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Փրկարարները մահացածի մարմինը հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Հրաչյա Մկոյանի գլխավորությամբ։

Տեղում նշված անձինք, ինչպես նաև պարեկներ Մանուկ Խաչատրյանն ու Արտակ Գաբրիելյանը սահմանազատել են տարածքը և մեծ թվով պարեկների ժամանման պատճառը կայանում է նրանում, քանի որ հետաքրքրասեր վարորդները, որոնց թիվն անցնում է մի քանի հարյուրը, փորձում էին ավտոմեքենաները կայանել դեպքի վայրում, ինչը առաջացնում էր խցանում։

Պարեկներին հաջողվեց կարճ ժամանակում բոլորին հեռացնել դեպքի վայրից։

Ժամանել են նաև ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սանթուր Դուրգարյանի և բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Տիգրան Շահնազարյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության ծառայողները, քանի որ ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը ՀՀ ՊՆ X զորամասի ծառայող է։

Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» Աբովյանի ԳԳՄ-ի Նաիրի տեղամասի 1-04 ծառայության աշխատակիցները, ովքեր ժամանակավորապես նշված հատվածով գազամատակարարումը դադարեցրել են և արդեն սկսել են վթարավերականգոնղական աշխատանքներ կատարել։

Վթարի մասին ոստիկանության Նաիրիի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորութամբ։

Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 129+
129+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր