211652_close_icon
views-count123816 դիտում article-date 21:05 08-10-2023

Դաժան վրաերթ՝ Վայոց ձորի մարզում. Mercedes-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին, որից հետո հետիոտնը վրաերթի է ենթարկվել Lexus-ի և բեռնատարի կողմից. դին հայտնաբերել են ճանապարհի մեջտեղում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 120 կմ հատվածում Վայոց ձորի մարզի բնակիչ, 53-ամյա Նաիրի Ս.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Սասուն Հ.-ին: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանն ու Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պետ Հրազդան Կոստանյանը: 

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել  է Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի և օրվա պատասխանատու հերթապահ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ:

Դեպքի փաստով Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել  է քրեական վարույթ:

Քննիչի հանձնարարականով, ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Տեղում պարզվել  է, որ վարորդը ՀՀ ՊՆ ծառայող է, ինչի համար էլ դեպք վայր են ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորի քննչական բաժնի քննիչները, և նրանք դեպքի վայրի զննություն էին կատարում, երբ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության, Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները պարզեցին, որ Mercedes-ի վարորդի կողմից վրաերթից հետո վրաերթի ենթարկվածը կրկնակի վրաերթի է ենթարկվել Lexus-ի և Зил մակնիշի բեռնատարի կողմից:

Բեռնատարը դեպքի վայրից հեռացել է, Lexus-ը դեպքի վայրում է:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր