211652_close_icon
views-count38487 դիտում article-date 16:27 13-10-2023

Կրակոցներ՝ Երևանի կենտրոնում. դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հոկտեմբերի 12-ին, կրոկոցներ են հնչել Երևանում: Ժամը 22:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սարյան և Արամի փողոցների խաչմերուկում կրակոցներ են հնչել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ՝ Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Արման Մարտիրոսյանի գլխավորությամբ:

Տեղում տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Նորիկ Դավթյանը, Հարություն Մանգասարյանն ու Էդգար Դարբինյանը: Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են 2 հատ ատրճանակի կրակած պարկուճ:

Դեպքի վայր են ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Կենտրոնի ոստիկանները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ, պարզել են, որ նշված վայրում 20-ամյա Ներսես Բ.-ն, 29-ամյա Սամսոն Ա-ն, 29-ամյա Հրաչյա Մ-ն, 24-ամյա Արթուր Վ-ն, և 37-ամյա Ավետ Մ-ն, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, նշված խաչմերուկի մոտ բացահայտ անհարգալից վերաբերմունք են դրսևորել հասարակության նկատմամբ, կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, տևական ժամանակ հայհոյանքներ հնչեցրել հանրային վայրում, իսկ Ավետ Մ.-ն իր մոտ եղած ատրճանակով 2 անգամ կրակել է անհայտ ուղղությամբ: 

Նշված անձանց Կենտրոնի ոստիկաններն ու Երևանի գնդի պարեկները ժամեր անց հայտնաբերել են Պուշկինի փողոցում և խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալել ու տեղափոխել են ոստիկանության կենտրոնական բաժին, որտեղից էլ նրանց ներկայացրել են քննչական բաժին:

Դեպքի փաստով Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործության գործիք ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+

Նմանատիպ նյութեր