211652_close_icon
views-count36174 դիտում article-date 19:47 14-10-2023

Արտակարգ դեպք Երևանում. Lexus-ը վթարային իրավիճակ է ստեղծել Mercedes-ի վարորդի համար և դիմել փախուստի. Mercedes-ը «Առինջի կամար»-ի մոտ հայտնվել է մայթին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:15-ի սահմաններում Աճառյան փողոցում՝ «Առինջի կամար»-ի մոտ՝ դեպի Մեսրոպ Մաշտոց փողոցի խաչմերուկում Lexus մակնիշի ավտոմեքենան վթարային իրավիճակ է ստեղծել, ինչի պատճառով էլ Երևանի բնակիչ 53-ամյա Հովսեփ Խ.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճամփեզրի բազալտե եզրաքարերին, առաջ ընթացել և հայտնվել  հետիոտնի համար նախատեսված մայթին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի ուղևոր 17-ամյա Մարիա Խ.-ն, ով վարորդի աղջիկն է, շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն, իսկ Lexus-ի վարորդը դեպքի վայրից ճողոպրել է:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ:

Տեղում ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Արթուր Կարապետյանն ու Արա Ենոքյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա, ինչը պարեկներին հաջողվել է:

Mercedes-ի վարորդը տեղում ենթարկվել  սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել Են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ վթարային իրավիճակ ստեղծած և փախուստի դիմած Lexus-ի վարորդին և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+

Նմանատիպ նյութեր