211652_close_icon
views-count1042 դիտում article-date 16:47 30-10-2023

Միջազգային հանրության ճնշումներն Ադրբեջանի վրա գնալով մեծանալու են, և խաղաղության պայմանագիրը կնքվելու է․ ՔՊ պատգամավոր

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանի կարծիքով՝ հայ-ադրբեջանական կարգավորման բանակցային գործընթացում բավականին առաջընթաց կա, և Ադրբեջանը համաձայնել է մի շարք սկզբունքների հետ, որոնց հետ նախկինում համաձայն չէր։  

Tert.am-ի փոխանցմամբ՝ Խաչատրյանն այս մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում։ 

«Ամենավատ բանն այն է, երբ բանակցությունները ընդհանրապես տեղի չեն ունենում։ Այսօր բանակցային գործընթացում բավականին մեծ առաջընթաց կա, Ադրբեջանը մի շարք սկզբունքների հետ համաձայն է։ Նախկինում այդ համաձայնություններն էլ չէին լինում։

Մեծ քայլ արդեն եղել է՝ նա համաձայնվում է, միջազգային հանրությունը կարողանում է որոշակի ճնշումներ գործադրել Ադրբեջանի վրա։ Այդ ճնշումները որոշակի առումով տեղ են հասնում, կյանքի են կոչվում։ Իմ կարծիքով՝ այս ձնագունդը գնալով ավելի է մեծանալու, և խաղաղության պայմանագիրը կնքվելու է Ադրբեջանի մասնակցությամբ»,- նշեց Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ խաղաղության պայմանագիր նշանակում է երաշխիք, որ մեկը մյուսի հետ որևէ խնդիր չունի, որը կարող է բերել ուժի կիրառման։

«Խաղաղության պայմանագիր կնքելուց հետո, թե ինչ հարաբերություններ կձևավորվեն ժողովուրդների միջև, ինչ տնտեսական հարցեր կսկսեն լուծվել, դա արդեն երկրորդական հարց է»,- եզրափակեց Խաչատրյանը։

Նմանատիպ նյութեր