211652_close_icon
views-count103206 դիտում article-date 09:20 08-11-2023

Ողբերգական ավտովթար՝ Երևանում. բախվել են Nissan Rogue-ն ու «ՎԱԶ 2101»-ը, Nissan-ն էլ բախվել է կայանված Volkswagen-ին, վերջինն էլ՝ կայանված Nissan X-Trail-ին. կա 1 զոհ 2 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 8-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կարապետ Ուլնեցի-Պարույր Սևակ փողոցների խաչմերուկում ավտովթար է տեղի ունեցել և կան տուժածներ:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գնդի հրամանատարի տեղակալ Լևոն Մանուկյանի, գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, և վաշտի հրամանատար Արման Մարտիրոսյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապպօգնության բժիշկների հերթապահ խմբերը:

Վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ 1 հոգի Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ, 2 հոգի՝ Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, վթարի հարևանությամբ գործող «Max Oil» բենզալցակայանի աշխատակիցները, և թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:

Վերջիններս վիրավորներից 2-ին դուրս են բերել ավտոմեքենաներից և պատգարակներով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին:

Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոցներ տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել:

Տարածքը սահմանազատել են պարեկներ Մելիք Մելոյանը, Ազատ Սահակյանը, Սայադ Պետրոսյանն ու Վահե Ստեփանյանը:

Պարզվել է, որ բախվել են Nissan Rogue և «ՎԱԶ 2101» մակնիշի ավտոմեքենաները, որից հետո Nissan-ը բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Volkswagen Passat-ին, վերջինն էլ, առաջ ընթանալով, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Nissan X-Trail-ին:

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային պատահարների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Արթուր Ադամյանի և քննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ:

Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, հիվանդանոցից ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի հանձնարարականով Nissan Rogue-ն ու «ՎԱԶ 2101»-ը տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների ու վիրավորների ինքնությունը:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը «ՎԱԶ 2101»-ի վարորդն է եղել:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր