211652_close_icon
views-count1048 դիտում article-date 21:51 13-11-2023

ՀՀ ԱԳ փոխնախարարն ու Ինդոնեզիայի դեսպանը քննարկել են տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերը

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը նոյեմբերի 13-ին ընդունել է ՀՀ-ում Ինդոնեզիայի Հանրապետության դեսպան Արիֆ Մուհամադ Բասալամահին (նստավայրը՝ ք․Կիև)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։

«Արմենպրես»-ը ՀՀ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրությունից տեղեկանում է, որ Սաֆարյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին իր պարտականությունների ստանձման կապակցությամբ և հաջող ու արդյունավետ գործունեություն մաղթել հայ-ինդոնեզական կապերի ամրապնդման գործում։

Նախարարի տեղակալն անդրադարձել է տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերին՝ ներկայացնելով Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության հետևանքով Լեռնային Ղարաբաղի բնակչության բռնի տեղահանության պատճառով ստեղծված իրավիճակը։ Մնացական Սաֆարյանը նաև ներկայացրել է Հայաստանի կառավարության կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։

Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր, մտքեր են փոխանակել բազմակողմ հարթակներում համագործակցության խորացման, առևտրատնտեսական կապերի խթանման, ինչպես նաև գիտակրթական և տեխնոլոգիական ոլորտներում առկա փոխգործակցությունն ընդլայնելու վերաբերյալ։

Նմանատիպ նյութեր