211652_close_icon
views-count1462 դիտում article-date 13:49 24-11-2023

Մարդիկ ասում են՝ մոռացար ինչեր էիր ասում, չեմ մոռացել, բայց մի բան է ընդդիմադիր գործիչ լինելը, մեկ այլ բան՝ վարչապետ․ Նիկոլ Փաշինյան

2018 թվականի ժողովրդավարական, ոչ բռնի հեղափոխությունից, 2020 թվականի ողբերգական իրադարձություններից հետո տեղի ունեցած արահերթ խորհրդարանական ընտրություններից հետո ամենամեծ հետևությունն այն է, որ ՀՀ քաղաքացիների ամենամեծ պահանջն արդարությունն է։ Այս մասին առցանց ասուլիսի ժամանակ, պատասխանելով քաղաքացիների հարցերին, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Պետք է խոստովանեմ, որ կա այնպիսի ըմբռնում, որ մի շարք քրեական գործեր մարդիկ ընկալում են որպես ինդիկատոր։ Եթե մի շարք մարդիկ ազատության մեջ են, քաղաքացիների մի մասի կարծիքով ՀՀ-ում արդարություն չկա։ Բայց ես ուզում եմ հարցը բաժանել երկու մասի։ Հեղափոխությունից հետո այդ մթնոլորտն էլ կար, այդ հնարավորությունն էլ կար, որ մենք հրապարակում հավաքված ժողովրդով գնայինք ու տեղում իրագործեինք մեր ժողովրդի պատկերացրած արդարադատությունը։ Դա գուցե կլիներ սրտի հովանք, բայց այդ պարագայում այսօր մենք ավելի մեծ պրոբլեմներ կունենայինք և երկրում պետական ինստիտուտների ջախջախված լինելու փաստի առաջ կկանգնեինք։ Երկրում պետք է լինի արդարություն, բայց միևնույն ժամանակ այն պետք է լինի ինստիտուցիոնալ»,- ասաց նա։

Փաշինյանը նշեց, որ մեծ աշխատանք են տարել երկրում արդարադատությունը որպես ինստիտուտ կայացնելու ուղղությամբ։

«Իշխանության ամենամեծ հատկությունը պետք է լինի զսպվածությունը ու ինքդ քեզ սահմանափակելու կարողությունը։ Իմ անցած ճանապարհն էլ գիտեք, իմ ելույթներն էլ գիտեք, բայց մի բան է, երբ դու ընդդիմադիր քաղաքական գործիչ ես կամ հեղափոխության առաջնորդ, այլ բան, երբ դու վարչապետ ես։ Երբ դու վարչապետ չես, կարող ես անել ցանկացած բան, ինչն արգելված չէ օրենքով, իսկ երբ վարչապետ ես, կարող ես անել այնպիսի բաներ, որոնց համար լիազորված ես օրենքով։ Մարդիկ կան, ասում են՝ «մոռացար ինչե՞ր էիր ասում», ո՛չ , ոչ մի բան չեմ մոռացել։ Պատկերացնո՞ւմ եք՝ պարզվի, որ մեր երկրում վարչապետը դատավճիռներ է կայացնում, չի կարելի նման բան թույլ տալ»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ այսօր միջազգային ասպարեզում ՀՀ-ի թիվ մեկ խաղաքարտը ժողովրդավարությունն է։
«Քաղաքական նպատակ չի եղել և չկա պատժել կոնկրետ մարդու, քաղաքական նպատակ է լինելու երկրում ունենալ արդարադատություն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նմանատիպ նյութեր