211652_close_icon
views-count988 դիտում article-date 14:09 24-11-2023

Այս պահին դեռ պարզ չէ՝ Ադրբեջանը համաձա՞յն է 3 սկզբունքների շուրջ խաղաղության պայմանագիր կնքել ՀՀ-ի հետ, թե ոչ.Փաշինյան

Այս պահի դրությամբ դեռեւս ակնհայտ ու պարզ չէ՝ Ադրբեջանը համաձա՞յն է, վերահաստատո՞ւմ է երեք սկզբունքների շուրջ խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ, թե ոչ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 24-ին, ուղիղ եթերում քաղաքացիների տեսահարցերին պատասխանելու ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այդ երեք սկզբունքները համաձայնեցված են բանակցությունների ընթացքում, որն արտահայտվել է մայիսի 14-ին եւ հուլիսի 15-ին եռակողմ (Միշել, Փաշինյան, Ալիեւ) հանդիպումների արդյունքներով:

«Այդ սկզբունքներից առաջինը հետեւյալն է, որ հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, այն ըմբռնմամբ, որ Հայաստանի տարածքը 29 800 քկմ է, Ադրբեջանինը՝ 86 600 քկմ:

Երկրորդ սկզբունքն այն է, որ դելիմիտացիայի հիմքը Ալմաթիի հռչակագիրն է: Հենց այդ հռչակագիրն է հիմնավորումը, թե ինչու ենք ասում, որ Հայաստանի տիտղոսային տարածքը 29 800 քկմ է: Որովհետեւ ՀՀ-ն ձեւավորվել է Հայկական ԽՍՀ տարածքով: Ձեռք է բերվել ըմբռնում, որ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանների դելիմիտացիայի համար պետք է օգտագործվեն 1974-1990 թվականի ԽՍՀՄ ԶՈՒ գ;խավոր շտաբի քարտեզները: Այս նրբությունները ճշգրտելու անհրաժեշտություն ունեն:

Երրորդ սկզբունքն է, որ երկու երկրների կոմունիկացիաները պետք է բացվեն երկրների իրավազորության, սուվերենության հարգմամբ՝ փոխադարձության եւ հավասարության սկզբունքի հիման վրա:

Մենք չենք կարող վստահաբար պնդել, որ Ադրբեջանը հրաժարվում է այդ երեք սկզբունքների հիման վրա խաղաղության պայմանագիր կնքել: Բայց նաեւ չենք կարող ասել, որ Ադրբեջանը վերահաստատում է իր հավատարմությունը այդ երեք սկզբունքներին: Անհրաժեշտություն կա բանակցությունների ընթացքում այս հարցերը պարզաբանել: Ինչպես տեսաք, նաեւ առաջիկայում այդպիսի քննարկում, գոնե քարտեզների ու սահմանների մասով նախատեսված է նոյեմբերի 30-ին՝ սահմանագծման հանձնաժողովների ֆորմատով:
Մենք այդ քննարկումներից հետեւություններ կանենք, եւ եթե այլ բանակցություններ լինեն, դրանցից եւս հետեւություններ կանենք, թե արդյոք Ադրբեջանը պատրաստ է այդ սզբունքների հիման վրա գնալ բանակցությունների, թե՞ հրաժարվում է այդ սկզբունքներից:

Փաստն այն է, որ մենք մինչ այս պահը նման վստահություն չունենք: Չնայած Ադրբեջանի կողմից հնչել է հայտարարություն, որ Ադրբեջանը ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականությունը: Բայց այստեղ կոնկրետություններ են պետք, թե ինչ նկատի ունեն իրենք ՀՀ տրածքային ամբողջականություն ասելով: Այս հարցերի պարզաբանումը առաջիկա բանակցային գործընթացների հիմնական խնդիրն է»,- հայտարարեց Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր