211652_close_icon
views-count943 դիտում article-date 15:56 03-12-2023

«Որոշ գործերի մեջ ես շատ կամ». լույս է տեսել արձակագիր Աշոտ Ստեփանյանի գիրքը. Aravot.am

Նախօրեին «Զանգակ» գրատանը կայացել է արձակագիր Աշոտ Ստեփանյանի «Քաղաքը քեզ կսպասի» պատմվածքների ժողովածուի շնորհանդեսը։ Սա հեղինակի անդրանիկ գիրքն է, որը լույս է տեսել «Անտարես» հրատարակչության 21-րդ դար մատենաշարով։

«Տասնչորս պատմվածք, տասնչորս ճամփորդություն, և այդ ճանապարհներին մշտապես զուգահեռվում, հեռանում-մոտենում, միաձուլվում-անջատվում են մահվան արահետները։ Աշոտի բնագրերում մահը առկա է` տողի վրա լինի, թե տողատակին»,- գրքի առաջաբանում գրել է արդի գրականության նշանավոր դեմք, արձակագիր Գուրգեն Խանջյանը` վերահաստատելով. «Հետևենք. հետաքրքիր է լինելու»։

Գրքի խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանի խոսքով` յուրահատուկ և կերպարային անձնավորություն է Աշոտը` և՛ որպես հեղինակ, և՛ որպես անհատականություն։ Խմբագիրն անդրադարձավ պատմվածքների կառուցիկությանն ու հեղինակի ձեռագրի յուրահատկություններին։

Գրքի հեղինակ Աշոտ Ստեփանյանն ընդգծեց` գրքի ճանապարհն իրականում վաղուց է սկսվել` 2017 թվականից։

«Տարբեր տարիների գրել ու ջնջել եմ։ Վերջնականը կարելի է համարել 2022-ը, երբ պարոն Խանջյանին տվեցի` կարդա, կարծիք գրի,-նշեց հեղինակը,- Պատմվածքներն ունեն ժամանակատարածային տարբեր շերտեր։ Որոշ գործերի մեջ ես շատ կամ։ Դեպրեսիան շատ եմ էսթետիկ և ռոմանտիկ ներկայացրել»,-հավելեց հեղինակը։

Աշոտ Ստեփանյանը վստահեցնում է` կյանքի հետ մի գծով շարժվում է նաև մահը, հատկապես մեր երկրում։ «Կյանքերով, կարոտներով, որոշ գրողների հանդեպ սիրով լցված գիրք է։ Եվ իրականում շատ ինտերտեքստուալ կապեր կան։ Տողերում թաքնված են 50 հեղինակ»,-նշեց Աշոտ Ստեփանյանը։

Գուրգեն Խանջյանն էլ հիշեց Աշոտի առաջին պատմվածքները։

«Եթե հեղինակն առաջին պատմվածքով խոժոռ դեմքով է գալիս, ապա աշխարհը քննելու, լա՛վ քննելու ցանկություն ունի։ Նա հենց այդպես մտավ գրական դաշտ։ Ինձ շատ հետաքրքիր է նաև Աշոտի հաջորդ գիրքը,-նշեց արձակագիրը,-Աշոտի մոտ մահվան մասին գրելը կյանքի մասին գրել է։ Վերջից գրելը շատ ավելի հետաքրքիր է։ Այն ծանր կետը, որը վերցրել է Աշոտը, իրականում մեծ պատասխանատվություն է»,- հավելեց Գուրգեն Խանջյանը։

Նմանատիպ նյութեր