211652_close_icon
views-count1024 դիտում article-date 20:26 04-12-2023

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի պատվիրակությանը

Դեկտեմբերի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի պատվիրակությանը՝ ի դեմս Վաշինգտոնի նահանգի Սիեթլի Սուրբ Հարություն եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ․ Վազգեն քահանա Բոյաջյանի, Սան Ֆրանցիսկոյի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ․ Մեսրոպ քահանա Աշի և թեմական խորհրդի ատենապետ տիար Վարդան Նազիրյանի։

Տեր Վազգենը, հայցելով Նորին Սրբության օրհնությունը, տեղեկացրել է, որ պատվիրակությունը Հայաստան է ժամանել տեղում ծանոթանալու արցախահայերի առջև ծառացած մարտահրավերներին, նրանց սոցիալական կացությանը և կարիքների գնահատման արդունքում մշակել աջակցության ծրագեր։

Իր սերն ու օրհնությունը փոխանցելով պատվիրակության անդամներին՝ Վեհափառ Հայրապետն իր գնահատանքն է հայտնել ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանին Արցախից բռնի տեղահանված հայորդիների աջակցությանն ուղղված ջանքերի համար։

Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձել է հայրենազրկված արցախահայության ծանր կացությանը, և հյուրերին ներկայացրել է Մայր Աթոռի կողմից իրականացվող Արացախի հայորդիներին ուղղված աջակցության ծրագրերը՝ կարևորելով նաև սփյուռքահայության հետևողական մասնակցությունն այդ գործում։

Վերջում Նորին Սրբությունը պատասխանել է պատվիրակության անդամների հարցերին, որոնք առնչվում էին արցախահայերի ծանր կացությանը և իրականացվող աջակցության ծրագրերի ընդլայնմանը։

Նմանատիպ նյութեր