211652_close_icon
views-count1111 դիտում article-date 21:37 08-12-2023

Բազմաբնակարան շենքերի կառավարումը պետք է լինի որակյալ գործունեություն. քննարկում Քաղաքաշինության կոմիտեում

Քաղաքաշինության կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանի և խորհրդի անդամ, «Renshin Urban Investments» ընկերության հիմնադիր Էդուարդ Մարությանի հետ: Քննարկվել են բազմաբնակարան շենքերի կառավարման ոլորտի բարեփոխումներին առնչվող հարցեր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Քաղաքաշինության կոմիտեից, կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը ներկայացրել է բազմաբնակարան շենքերի կառավարման բնագավառում վերջին տարիներին իրականացված օրենսդրական փոփոխությունները, այդ թվում՝ կառավարումը մասնագիտացված գործունեություն դիտարկելու, սեփականատերերի կողմից վճարումներն անկախիկ կատարելու կարգավորումների վերաբերյալ: Նա շեշտադրել է նաև բազմաբնակարան շենքերի կառավարման առավել արդյունավետ գործիքակազմի անհրաժեշտությունը. «Բազմաբնակարան շենքերի կառավարումը պետք լինի որակյալ գործունեություն. այս տրամաբանությամբ պետք է զարգանա ոլորտը, և դրան պետք է ուղղված լինեն մեր բարեփոխումները: Ընդ որում, ոլորտի խնդիրների հատվածային կանոնակարգումից առաջիկայում անհրաժեշտ է գնալ դաշտը կանոնակարգող օրենսդրության արմատական վերանայման ճանապարհով»:

Ըստ աղբյուրի՝ Կառուցապատողների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչները միջազգային և տեղական փորձի ուսումնասիրմամբ մշակել և Քաղաքաշինության կոմիտեին են փոխանցել բնագավառի կանոնակարգմանն ուղղված իրենց առաջարկները, նաև պատրաստակամություն են հայտնել խորքային բարեփոխումների իրականացման ճանապարհին շարունակել կոմիտեի հետ համագործակցությունը:

Հանդիպմանն արձանագրվել է, որ ոլորտի բարեփոխումների վերաբերյալ կոմիտեի և ասոցիացիայի պատկերացումները համընկնում են:

Նշվում է, որ Քաղաքաշինության կոմիտեն շարունակելու է պետական, համայնքային կառույցների և տարբեր կազմակերպությունների հետ քննարկումները՝ բազմաբնակարան շենքերի կառավարմանն առնչվող օրենսդրական փոփոխությունների համալիր փաթեթ մշակելու նպատակով:

Նմանատիպ նյութեր