211652_close_icon
views-count1177 դիտում article-date 13:38 10-12-2023

ՆԳՆ ոստիկանությունն ամփոփվել է «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ»-ի արդյունքները

Ամեն տարի նոյեմբերի 25-ին` Կանանց նկատմամբ բռնության վերացման օրը, մեկնարկում են «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակը» միջոցառումները։ Դեկտեմբերի 10-ին ՆԳՆ ոստիկանությունում, համաշխարհային արշավի ամփոփման կապակցությամբ, կազմակերպվել էր հանդիպում, որին մասնակցել է  ՆԳՆ փոխնախարար Արփինե Սարգսյանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, հանդիպմանը մասնակցել են նաև ՆԳ նախարարության, միջազգային գործընկերների և հասարարական կազմակերպությունների տասնյակ ներկայացուցիչներ։

«Ամենամյա միջազգային արշավը առիթ է ևս մեկ անգամ բարձրաձայնելու ընտանեկան բռնության դեմ պայքարի մեր պատրաստակամությունը։ Բայց սա առիթներից ընդամենը մեկն է․ ՆԳՆ ոստիկանության համար բռնության տարբեր դրսևորումների ու ոտնձգությունների դեմ պայքարը ոչ թե 16-օրյա է, այլ՝ 365»,- իր խոսքում նշել է ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը։ Նա կարևորել է հատկապես ընտանեկան բռնության կանխարգելման ոլորտում ոստիկանության, քաղաքացիական հասարակության և ոլորտային մասնագետների համագործակցված աշխատանքը, ինչը թույլ է տալիս բարձրացնելու հանրային իրազեկվածությունը և արձանագրելու վարքագծային փոփոփություններ։

Ըստ աղբյուրի՝ ՆԳՆ ոստիկանության անչափահասների հանցավորության և ընտանիքում բռնության կանխարգելման վարչության պետ Էդգար Պետրոսյանը ներկայացրել է կատարված աշխատանքները՝ անդրադառնալով օրենսդրական և ներգերատեսչական իրավական ակտերի փոփոխություններին, ընտանիքում բռնություն գործադրած անձանց համակարգված հաշվառում իրականացնելու նպատակով կենտրոնացված էլեկտրոնային շտեմարանի թվայնացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։

«Նախորդ տարվա համեմատությամբ ներկայացվեց այս տարի արձանագրված դեպքերի, կազմված նախազգուշացման և անհետաձգելի միջամտության որոշումների, հաշվառման վերաբերյալ վիճակագրություն։

«Կանանց աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպության հանրային կապերի պատասխանատու Զարուհի Հովհաննիսյանն իր խոսքում ընդգծել է ՆԳՆ բարեփոխումների շրջանակում ձևավորվող ունիվերսալ համայնքային ոստիկանության հետ ակտիվ աշխատանքի կարևորությունը, նաև անդրադարձավ բռնության զոհերի և բռնարարների հետ աշխատելու կարողությունների զարգացման ուղղությամբ ծառայողների շարունակական վերապատրաստումներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ «Կանանց նկատմամբ բռնության հաղթահարումը և գենդերային հավասարության ամրապնդումը Հայաստանում» ծրագրի ղեկավար Լիանա Ամիրբեկյանը խոսել է ընտանեկան օրենսդրության ուսումնասիրության ուղղությամբ իրականացված աշխատանքների մասին՝ պատրաստակամություն հայտնելով շարունակելու ծառայողների փորձի փոխանակման հնարավորությունները։

ՀՀ ՆԳՆ տեղեկացմամբ՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ծրագրի ղեկավար Էդուարդ Իսրայելյանը նշել է, որ ոստիկանությունն իրենց հիմնական գործընկերներից է, և իրենք ունեն երկարամյա համագործակցության փորձ։ Նա նաև հավելել է, որ ավարտական փուլում են “SAFE YOU” հավելվածի միջոցով անմիջապես ոստիկանություն ահազանգման աշխատանքները, որը օգտվողներին հնարավորություն կտա օգնության անհրաժեշտության դեպքում «Կանչ» կոճակի միջոցով դիմել իրավապահներին և ստանալ համապատասխան աջակցություն։

Քննարկման ընթացքում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն անդրադարձան ոստիկանության տարբեր ստորաբաժանումների հետ իրականացրած աշխատանքներին:

Նշվում է նաև, որ հանդիպման ավարտին ձեռք է բերվել պայմանավորվածություն ձևավորելու աշխատանքային խմբեր՝ թիրախային կերպով յուրաքանչյուր ոստիկանության բաժնի կարողությունների զարգացման և առկա խնդիրների հաղթահարման ուղղությամբ, ինչը թույլ կտա արդյունավետ համագործակցությամբ լուծել ոլորտում առկա հիմնախնդիրները։

Նմանատիպ նյութեր