211652_close_icon
views-count907 դիտում article-date 13:57 18-12-2023

Նյու Ջերսիի նահանգը մտադիր է պատժամիջոցներ մտցնել Ադրբեջանի դեմ

Turan-ը տեղեկացրել է, որ ամերիկյան Նյու Ջերսի նահանգի դեմոկրատ սենատոր Էնդրյու Ցվիկերը նոյեմբերի 30-ին առաջադրել է N4107 օրինագիծը, որը ենթադրում է պատժամիջոցների կիրառում Ադրբեջանի դեմ մարդու իրավունքների խախտումների եւ առաջին հերթին հայտնի տնտեսագետ գիտնական Ղուբադ Իբադօղլուի ձերբակալման համար։ Ինչպես տեղեկացրել է Turan-ը, օրինագիծն արդեն մտցվել է նահանգի Սենատի հանձնաժողովի օրացույցում։

Օրինագծում ասվում է, որ Նյու Ջերսիի նահանգը «խորապես անհանգստացած է» Ադրբեջանում ձերբակալված դոկտոր Ղուբադ Իբադօղլուի վիճակով։

«Պրն Իբադօղլուն հարգարժան տնտեսագետ է, որն առաջ է մղում պետական ֆինանսների թափանցիկությունը։ Նա իր փորձը ներկայացրել է ամբողջ աշխարհին եւ կապված է եղել տարբեր բուհերի հետ Եվրոպայում եւ ԱՄՆ-ում, ներառյալ Ռուտգերսը, Նյու Ջերսիի պետական համալսարանը եւ Փրինստոնի համալսարանը։ Գիտական գործունեությունից բացի, դոկտոր Իբադօղլուն նշանավոր քաղաքական ակտիվիստ է, որը քննադատել է Ադրբեջանի կառավարությանը»,- ասված է փաստաթղթում։

Իշխանությունները Իբադօղլուին ձերբակալել են  2023թ. հուլիսին կեղծ փողերի պատրաստման, ձեռքբերման եւ օգտագործման մեղադրանքով։ Նրա ձեբակալումը «Ադրբեջանում ընդունված գործելակերպի շարունակությունն  է, որը հակասում է «խոսքի ազատության» դեմոկրատական սկզբունքին։

«Հաշվի առնելով, որ Նյու Ջերսիի օրենքն արգելում է կառավարական հարաբերություններն այլ երկրների հետ, որտեղ կան մարդու իրավունքների խախտումներ, նահանգի շահերից է բխում նման քաղաքականություն վարել նաեւ Ադրբեջանի հանդեպ»,- նշվել է օրինագծում։

Դրա ընդունման դեպքում կարգելվեն պետական գործարքները Ադրբեջանի հետ կապված ձեռնարկությունների հետ։
Նա, ով կաշխատի Ադրբեջանում կամ Ադրբեջանի հետ, կմտցվի ֆինանսների նախարարության ցուցակ, եւ Նյու Ջերսիի նահանգում նրան կարգելվի.

պայմանագրեր կնքել պետական մարմինների հետ,

հանրային աշխատանքների իրավունք ունենալ,

սուբսիդիաներ ստանալ տնտեսական զարգացման համար,

արտոնություններ ստանալ գույքի մունիցիպալ հարկի գծով,

հարկերից ազատման հայտ ներկայացնել կամ տեղեկանք ստանալ,

ունենալ քաղաքի կառուցապատման աշխատանքների հավաստագիր։

Բացի այդ, օրինագիծն արգելում է պետությանը ներդրումներ կատարել թոշակային ֆոնդերում այն ընկերությունների համար, որոնք Ադրբեջանի կառավարության բաժնետիրական կապիտալ ունեն։

Այն արգելում է նաեւ պետությանը եւ նրա կառույցներին բանկային գործողություններ իրականացնել, ունենալ բաժնեթղթեր, պարտքային պարտավորություններ եւ այլ ներդրումներ բաժնետիրական կապիտալում, կամ ունենալ ապահովագրեր՝ տրված ֆինանսական հաստատությունների կողմից, որոնք բաժնետիրական կապեր ունեն Ադրբեջանի կառավարության հետ։

Նշենք, որ  Նյու Ջերսիի ամենախիտ բնակեցված Նյուարք քաղաքը երկար ժամանակ Ադրբեջանի երկրորդ քաղաքի՝ Գյանջայի քույր քաղաքն էր։

Նմանատիպ նյութեր