211652_close_icon
views-count123135 դիտում article-date 16:30 03-01-2024

Ողբերգական ավտովթար՝ Լոռու մարզում․ բախվել են Volvo բեռնատարն ու ГА3 3110-ը․ կա 1 զոհ, 3 վիրավոր․ նրանցից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է․ ժամանել են մարզի ոստիկանապետն ու քննչականի պետը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 3-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Տաշիր-Գոգավան ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում բախվել են ГАЗ 3110 մակնիշի ավտոմեքենան և ռուսական համարանիշներով Volvo մակնիշի բեռնատարը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Տաշիրի թիվ 42 հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարներն ու «Տաշիր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, տեղափոխվել են «Տաշիր» բժշկական կենտրոն։

Շտապօգնության բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Վիրավորներին պատգարակներով շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել փրկարարներն ու քաղաքացիները։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանն ու ոստիկանության Տաշիրի բաժնի պետ Արամ Չթչյանը։ 

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի, դասակի հրամանատար Հրաչիկ Մխիթարյանի գլխավորությամբ։

Տարածքը պարեկները սահմանազատել են և տեղում իրականացնում են հերթապահություն։

Վթարի մասին ոստիկանության Տաշիրի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Սահակ Մկրտչյանի, վարչության պետի տեղակալներ Արման Գալստյանի, Դավիթ Ղազախեցյանի և Ստեփանավանի քննչական բաժնի պետի պարտականությունները կատարող Գևորգ Մինասյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորներից 2-ին «Տաշիր» բժշկական կենտրոնից ռեանիմոբիլով տեղափոխում են «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 150+
150+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր