211652_close_icon
views-count733 դիտում article-date 18:15 17-01-2024

Շիրակ Թորոսյանը հանդիպել է Ավստրիայի Ազգային խորհրդի պատգամավորների հետ

Հայաստանի եւ Ավստրիայի միջեւ հարաբերությունները հաստատվել են 1992 թվականի հունվարին, եւ այդ ժամանակաշրջանից դրանք դինամիկ զարգանում են: Այս մասին հունվարի 17-ին ասել է ՀՀ ԱԺ Հայաստան-Ավստրիա բարեկամական խմբի ղեկավար Շիրակ Թորոսյանը՝ Ավստրիայի Ազգային խորհրդի պատգամավորների հետ հանդիպմանը:

«Ուզում եմ երախտագիտություն հայտնել Ավստրիայի խորհրդարանին հայանպաստ գործողությունների համար. 2015 թվականի ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման, 2020 թվականի հոկտեմբերի 14-ին՝ 44-օրյա պատերազմի ընթացքում, Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակի վերաբերյալ հավասարակշռված բանաձեւ ընդունելու եւ 2023 թվականի հոկտեմբերի 19-ին՝ ԼՂ ժողովրդի դեմ Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումն Ավստրիայի խորհրդարանում դատապարտելու համար»,- ասել է բարեկամական խմբի ղեկավարը:

Շիրակ Թորոսյանն անդրադարձել է մեր երկրի շուրջ անվտանգային միջավայրին եւ նշել, որ չնայած դժվարություններին` Հայաստանը հավատում է, որ տարածաշրջանում, ի վերջո, խաղաղություն եւ կայունություն կհաստատվի, ու այդ նպատակով գործուն քայլեր է ձեռնարկում:

ԱԺ Հայաստան-Ավստրիա բարեկամական խմբի անդամները ողջունել են հյուրերին, խոսել տարբեր ոլորտներում երկկողմ գործակցության զարգացման անհրաժեշտության մասին: Պատգամավորները ներկայացրել են նաեւ Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականության հետեւանքով Լեռնային Ղարաբաղում հարյուրամյակներով ապրող հայերի բռնի տեղահանման մասին, կարեւորել նրանց՝ Հայաստանում ինտեգրումն ու աջակցությունը: Ընդգծվել է գերիների եւ Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձի կազմակերպման հարցը:

«Բարդ ժամանակներ են Հայաստանի համար: Մեզ համար կարեւոր է տեսնել ընդհանուր պատկերը ձեր երկրում, հասկանալ՝ ի՞նչ աջակցություն է ակնկալում Հայաստանն Ավստրիայից: Մենք համագործակցում ենք դիվանագիտական, տնտեսական, կրթական ոլորտներում»,- նշել է Ավստրիայի Ազգային խորհրդի «Կանաչներ» խմբակցության անդամ Էվա Էռնստ Ձիձիչը՝ կարեւորելով երկու երկրների համագործակցությունը նաեւ ժողովրդավարության զարգացման տեսանկյունից:

Հանդիպման ընթացքում կարեւորվել է պատգամավորական բարեկամական խմբերի գործունեությունը: Կողմերը հույս են հայտնել, որ առաջիկայում երկկողմ համագործակցությունը շոշափելի արդյունք կարձանագրի:

Նմանատիպ նյութեր