211652_close_icon
views-count1030 դիտում article-date 12:13 22-01-2024

Արձակուրդային օրերը տարիներով չօգտագործելու հնարավորություն այլևս չկա.Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ են արվել


ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխությունների արդյունքում նախատեսվել են կարգավորումներ ամենամյա արձակուրդների ընթացակարգերի պահպանման առնչությամբ։ Նոր փոփոխությունների համաձայն՝ արձակուրդային օրերը տարիներով չօգտագործելու հնարավորություն այլևս չկա։ Գործատուին տրվելու է լծակ աշխատողին արձակուրդ տրամադրել՝ առանց նրա դիմումի։

«Տարիներ շարունակ աշխատանքային օրենսգրքում ամրագրված էր նորմ, ըստ որի եթե դու չես օգտագործում տվյալ տարվա ամենամյա արձակուրդը, ապա կարող ես տեղափոխել առնվազն 18 ամիս և այնուամենայնիվ, օգտագործես այն։ Մենք իրականության մեջ տեսնում ենք, որ շատ հաճախ այդ պահանջը չէր պահպանվում։ Լինում էր այնպես, որ աշխատողները տարիներով չէին գնում արձակուրդ, նույնիսկ 15, 20 տարով։ Մենք ուսումնասիրեցինք իրավիճակը, գործատուները նշում էին, որ աշխատողները դիմում չեն գրել, իսկ աշխատողներն էլ ասում էին, թե ցանկացել են, սակայն գործատուները հնարավորություն չեն տվել։ Մենք առաջարկեցինք փոփոխություն՝ լուծում գտնելու համար»,-«Արմենպրես»-ի  հետ զրույցում նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը։

Առաջարկվող լուծումը հետևյալն է. 2023 թվականի դեկտեմբերի 1-ից հետո՝ յուրաքանչյուր աշխատողի աշխատանքային տարվա սկսելուց հետո, աշխատողն ունի մեկ տարի իր ամենամյա արձակուրդն օգտագործելու համար։ Եթե ինքը տվյալ տարվա իր ամենամյա արձակուրդը չօգտագործի, ապա իրավունք ունի մինչև 18 ամիս այն տեղափոխելու։ Եթե դրանից հետո էլ չի օգտագործում իր արձակուրդը, դիմում չի գրում արձակուրդ գնալու համար, ապա  գործատուին հնարավորություն է տրվում այլևս առանց աշխատողի դիմումի նրան ուղարկել արձակուրդ։ Սա նոր գործիք է լինելու տրված գործատուին, որ արդեն չսպասի աշխատողի դիմումին։

«Ամեն դեպքում, եթե գործատուն, ունենալով այդ իրավունքը, չիրացնի, այսինքն՝ աշխատողին առանց իր դիմումի չուղարկի արձակուրդ, ապա գործատուն տույժ է վճարելու աշխատողին յուրաքանչյուր չտրամադրված օրվա համար միջին ամսական աշխատավարձի 0,15 տոկոսի չափով, բայց ոչ ավելի քան միջին ամսական աշխատավարձի չափը։ Այս փոփոխությունները նպատակ ունեն, որ առնվազն 2026 թվականին և դրանից հետո աշխատողների մոտ չլինեն արձակուրդային կուտակված օրեր»,-ասաց Ժորա Սարգսյանը։

Այս կարգավորումը չի վերաբերում 2023 թվականի դեկտեմբերի 1-ից առաջ կուտակված արձակուրդներին։ Այս փոփոխությունը վերաբերում է 2023 թվականի դեկտեմբերի 1-ից հետո սկսվող աշխատանքային տարիներին։ Մինչ այդ կուտակված ամենամյա արձակուրդները կշարունակվեն պահպանվել, կհամարվեն կուտակված և աշխատողները կամ ընթացքում կկարողանան օգտագործել ընթացիկ ամենամյա արձակուրդներին զուգահեռ, կամ աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում կտրվի վերջնահաշվարկ։ 

Նմանատիպ նյութեր