211652_close_icon
views-count1153 դիտում article-date 20:25 22-01-2024

ԵԽԽՎ-ում կոչ են արել դադարեցնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում գերմանացի պատգամավոր Ֆրենկ Շվաբեն կոչ է արել դադարեցնել ադրբեջանական պատվիրակության լիազորությունները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ԵԽԽՎ պաշտոնական կայքում տարածված հաղորդագրության մեջ։

Աղբյուրի համաձայն՝ բացարկը ներկայացնելիս Շվաբեն վկայակոչել է երկրում քաղբանտարկյալների առկայությունը, Լեռնային Ղարաբաղից մարդկանց բռնի տեղահանումը, այն փաստը, որ վեհաժողովի զեկուցողները 2023 թվականի ընթացքում չեն կարողացել գոնե երեք անգամ այցելել Ադրբեջան, ինչպես նաև փետրվարի 7-ին այնտեղ կայանալիք նախագահական ընտրությունների դիտարկման հրավերի բացակայությունը։

Նրա կոչին  աջակցել են ԵԽԽՎ առնվազն 30 անդամ, որոնք ներկայացնում էին հինգ ազգային պատվիրակություններ։
Կոչն անմիջապես ուղարկվել է Վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողով՝ զեկույցի և Կանոնակարգի հանձնաժողով՝ եզրակացության համար։ Վեհաժողովի կողմից այն կքննարկվի հունվարի 24-ին:

Համաձայն Կանոնադրության՝ Վեհաժողովը պետք է քվեարկի երեք տարբերակներից մեկի շուրջ՝ վավերացնել լիազորությունները, չվավերացնել կամ վավերացնել՝ զրկելով պատվիրակության անդամներին մասնակցության կամ ներկայացուցչության որոշակի իրավունքներից։

Ադրբեջանական պատվիրակության անդամները, մինչև որոշումը, կարող են ժամանակավոր մասնակցել Վեհաժողովին նույն իրավունքներով, ինչ մյուս անդամները, սակայն իրավունք չունեն քվեարկելու իրենց լիազորությունների ստուգման հետ կապված որևէ գործընթացում:

Նմանատիպ նյութեր