211652_close_icon
views-count946 դիտում article-date 17:22 27-01-2024

Ադրբեջանի գործելակերպը ոչ այլ ինչ է, քան քաղաքական փոխհարաբերությունների ոտնահարում. Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միություն

Ադրբեջանի՝ նման գործելակերպը ոչ այլ ինչ է, քան տասնամյակներով ձևավորված քաղաքական փոխհարաբերությունների, միջազգային հարաբերությունների ընդունված և օրինակելի նորմերի համակարգային անտեսում և ոտնահարում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն՝ անդրադառնալով Ադրբեջանի՝ Եվրոպայի խորհրդից դուրս գալու մտադրությանը:

«Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում վերջին զարգացումները՝ Ադրբեջանի պատվիրակության լիազորությունների սահմանափակումը՝ հիմնված բազմաթիվ իրավախախտումների և կազմակերպության անդամակցությունից բխող հիմնական պարտավորությունների չկատարման, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի որոշումների շարունակական անտեսման վրա, խորը դժգոհություն են առաջացրել Ադրբեջանում։

Ադրբեջանական մերձիշխանական օղակները ԵԽԽՎ այս որոշմանը տալիս են Եվրոպայի կողմից Ադրբեջանի նկատմամբ իբր իսլամաֆոբիայի, ադրբեջանաֆոբիայի ցուցաբերման և նման երեսպաշտական այլ մեկնաբանություններ՝ չցանկանալով առերես ընդունել այն հանցանքները, որոնք ծանրացած են ադրբեջանական վարչակարգի ուսերին։

Ավելին՝ որպես խնդրի լուծման այլընտրանք, Ադրբեջանը ոչ թե հանձն է առնում կատարված հանցանքների հետևանքների արդարացի վերացումը, այլ քննարկում է ոչ միայն ԵԽԽՎ-ից, այլև Եվրոպայի խորհրդից դուրս գալու հարցը: Բացի այդ, Ադրբեջանը կարող է նաև հրաժարվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավասությունը ճանաչելուց։
Ադրբեջանի՝ նման գործելակերպը ոչ այլ ինչ է, քան տասնամյակներով ձևավորված քաղաքական փոխհարաբերությունների, միջազգային հարաբերությունների ընդունված և օրինակելի նորմերի համակարգային անտեսում և ոտնահարում։
Ադրբեջանում մեկ անգամ չէ, որ բարձր մակարդակով հնչել է, թե միջազգային իրավունքը անցյալի վերապրուկ է, որին կարող են ապավինել միայն թույլ պետությունները։ Միջազգային կառույցներին անդամակցությունից հրաժարվելը և անգամ միջազգային դատարանների իրավասության ճանաչումը մերժելը գալիս է հաստատելու ադրբեջանական բռնապետության որդեգրած գաղափարախոսության և դրան համապատասխան գործելաոճի գործարկումը, որի նպատակն է նախ՝ պատասխանատվություն չկրել արդեն իսկ մարդկության դեմ գործված հանցանքների համար, երկրորդ՝ ապահովել անպատժելիության շարունակականություն ծավալապաշտական հետագա գործողություններում։

Մատնանշելի է, որ անցյալ դարում գործող նացիստական և ֆաշիստական վարչակարգերն էին դիմում նման քայլերի, մասնավորապես՝ դադարեցնում էին անդամակցումը այդ ժամանակ գործող Ազգերի լիգային, որպեսզի չլինի իրենց հանցավոր գործողությունները թեկուզ և առերես սահմանափակող որևէ գործոն»,- ասված է հայտարարության մեջ:

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը կոչ է անում միջազգային կազմակերպություններին, հաշվի առնելով անցյալի փորձը, թույլ չտալ ադրբեջանական ֆաշիզմի ծավալումը, այլ գործնականորեն պատասխանատվության ենթարկելով՝ կանխել հետագա ողբերգությունները։

Նմանատիպ նյութեր