211652_close_icon
views-count1165 դիտում article-date 19:41 27-01-2024

Նպատակը մեկն է՝ փոխել Սահմանադրության նախաբանը, որը հղում է կատարում Անկախության հռչակագրին․ Դավիթ Հարությունյան

«Նոր Սահմանադրությունն ընդունվում է միմիայն այն դեպքում, եթե պետք է փոխվի նախաբանը, առաջին եւ երկրորդ հոդվածները: Ես կարծում եմ՝ առաջին եւ երկրորդ հոդվածների հետ կապված որեւէ խնդիր չկա, փոփոխություն չպետք է լինի: Բուն նպատակը նախաբանը փոխելն է, եւ դա փորձ է արվում փաթեթավորել մարտահրավերներին դիմակայելու, ավելի դիմացկուն երկիր ունենալու շղարշով: Հայեցակարգում դրա մասին դրույթ չկա, որպեսզի մենք սկսենք քննարկել ինչ-որ իրավական հարցեր՝ մոռանալով, թե ինչ է հիմնականում տեղի ունենում»,-«Առավոտ»-ի հետ զրույցում ասել է ՀՀ արդարադատության նախկին նախարար, ԱԺ նախկին պատգամավոր Դավիթ Հարությունյանն՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի օրերս արած հայտարարությանը՝ Սահմանադրության փոփոխության մասին:

Իսկ Նիկոլ Փաշինյանն ասել էր. «…ՀՀ-ն կարիք ունի նոր Սահմանադրության, ոչ թե Սահմանադրական փոփոխությունների, այլ նոր Սահմանադրության: Ընդ որում, ես ուզում եմ հատուկ ընդգծել, որ սովորաբար այս թեմաների մասին խոսելիս առաջին ֆոկուսը հետեւյալն է՝ այս ի՞նչ կառավարման համակարգ ենք ուզում փոխել եւ ո՞ւմ համար: Ուզում եմ ընդգծել, որ այդ հարցում իմ հրապարակային արտահայտած դիրքորոշումը որեւէ փոփոխություն չի կրել (Նիկոլ Փաշինյանը կառավարման խորհրդարանական մոդելին էր կողմ արտահայտվել): …

Առաջինը, որ ես կարծում եմ, որ այնուամենայնիվ, մենք ինչքան էլ այդ խնդիրը փորձենք այլ ձեւերով լուծել, ՀՀ-ն, ի վերջո, պետք է ունենա Սահմանադրություն, որը կասկածի տեղիք չտվող քվեարկության արդյունքներով ընդունվել է ՀՀ ժողովրդի կողմից: Սա էլ է լեգիտիմության հետ կապված, ի միջի այլոց, կարեւոր շեշտադրում: Երկրորդը՝ մենք պետք է ունենանք Սահմանադրություն, որը ՀՀ-ն ավելի մրցունակ եւ ավելի կենսունակ է դարձնում աշխարհաքաղաքական եւ ռեգիոնալ նոր պայմաններում»:

Դավիթ Հարությունյանի գնահատմամբ՝ «շատ հում փաստաթուղթ»՝ Սահմանադրության փոփոխության այնպիսի հայեցակարգ է ներկայացրել իշխանությունը, որի նպատակը ուշադրություն շեղելն է. «Որպեսզի բոլորի ուշադրությունը կենտրոնացված լինի սրա վրա, սկսենք սա քննարկել, երբ Հայաստանի առջեւ ծառացած են շատ լուրջ խնդիրներ:

 Ավելին, հայեցակարգում ներկայացված չեն  հիմնական նպատակները՝ ինչի՞ համար է Սահմանադրությունը փոխվում: Գեղեցիկ բառերի հետեւում՝ ավելի մրցակցային դարձնելու, ժամանակակից մարտահրավերներին դիմակայելու եւ այլն, իրականում նպատակն ընդամենը մեկն է՝ փոխել Սահմանադրության նախաբանը, որը հղում է կատարում մեր պետության կայացման հիմնական փաստաթղթին՝ Անկախության հռչակագրին: Ամբողջ նախաբանը փոխվելու է. հենց սա է բուն նպատակը»:

 «Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները եւ համազգային նպատակները, իրականացրած ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, նվիրված հայրենիքի հզորացմանը եւ բարգավաճմանը, ապահովելու համար սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը, հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքներին, ընդունում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը». սա է ՀՀ Սահմանադրության նախաբանը: Իսկ ՀՀ Անկախության հռչակագրում, որին հղում է կատարվում Սահմանադրության նախաբանում, ասված է, որ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը հռչակում է Հայաստանի անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը՝ ելնելով հետեւյալից. «…Արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջեւ համայն հայության իղձերի իրականացման եւ պատմական արդարության վերականգնման գործում, ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից եւ միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները, խնդիր դնելով ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծումը»:

 ՀՀ Անկախության հռչակագրի 11-րդ կետում էլ գրված է. «Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում եւ Արեւմտյան Հայաստանում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին»:

«Առավոտ»-ը Դավիթ Հարությունյանից հետաքրքրվել է՝ ՀՀ սահմանների փոփոխության վտանգ կա՞: Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսակցությունները կրկին թեժացել են, պատերազմի հավանականության մասին կանխատեսումներ էլ կան:

«Ես կանխատեսումներով չեմ զբաղվում. փաստը մնում է փաստ՝ այս պահին Հայաստանի տարածքային ամբողջականությունն ամբողջովին խախտված է»,- ասել է Դավիթ Հարությունյանը՝  նկատի ունենալով 2020 թվականի պատերազմից հետո Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զինված ուժերի մուտքը եւ գոյությունն առ այսօր:

Նմանատիպ նյութեր