211652_close_icon
views-count37088 դիտում article-date 14:50 28-01-2024

Ողբերգական ավտովթար՝ Բյուրականում․ Opel-ը մերկասառույցի պատճառով բախվել է ծառին․ վարորդի մայրը հիվանդանոցում մահացել է․ վիրավորները մահացածի թոռներն են․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունվարի 28-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ողբերգական ավտովթար է տեղի Արագածոտնի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենան Բյուրական-Աշտարակ ավտոճանապարհի 1-կմ հատվածում՝ դեպի Բյուրական ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել ծառին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնցից 2-ը երեխաներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արմեն Ստեփանյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Արմեն Խաչատրյանն ու կրտսեր պարեկ Կարեն Մելիքյանը։

Վթարի մասին ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական  խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Մինչ պարեկները սպասում էին քննիչի ժամանմանը, հիվանդանոցից ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացողը վարորդի մայրն է, վիրավորներն էլ մահացածի թոռնիկներն են և վթարի հիմնական պատճառը նշված ճանապարհահատվածում բարձիթողի վիճակն է։ Ճանապարհն սպասարկող ընկերությունը ոչ մի աշխատանքներ չի կատարել ձյունը մաքրելու, սառած ճանապարհը աղ ու ավազով մշակելու ուղղությամբ, ինչ էլ դարձել է ողբերգական ավտովթարի պատճառ։

Ավտոմեքենան էլ, երբ բախվել է ծառին, հետևի անվահեծանը կոտրվել է։

Վթարի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր