211652_close_icon
views-count820 դիտում article-date 13:18 29-01-2024

Երևանի 9 գետնանցումներում և Թաիրովի փողոցից Հաղթանակի կամուրջ տանող ճանապարհին վերելակների տեղադրումն ընթացքի մեջ է

Երևանի 9 գետնանցումներում և Թաիրովի փողոցից Հաղթանակի կամուրջ տանող ճանապարհին վերելակների տեղադրումն ընթացքի մեջ է: Փակ շուկայի և Կամոյի դպրոցի [Արգենտինյան Հանրապետություն] հարևանությամբ վերելակներն արդեն իսկ տեղադրված են: Վերջինս փորձարկված է և մոտ օրերս կհանձնվի շահագործման: Այդ մասին, այսօր՝ հունվարի 29-ին, Երևանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Տիգրան Գեղամյանը:

«Այսօր սկսվում են Փակ շուկայի հարևանությամբ գտնվող գետնանցումում վերելակների տեղադրման աշխատանքները: Միաժամանակ հայտնում եմ, որ վերելակներ տեղադրելու նախապատրաստական աշխատանքներ են ընթանում հետևյալ հասցեներում՝ Կիլիկիա ավտոկայանի հարևանությամբ գտնվող գետնանցում, Գարեգին Նժդեհի փողոց՝ վարչական շենքի, ադմինիստրատիվ շենքի հարևանությամբ գտնվող գետնանցում, և «Հաղթանակ» զբոսայգու հարևանությամբ գտնվող գետնանցում»,- ասաց Տիգրան Գեղամյանը:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց՝ տեղադրվածներն աշխատո՞ւմ են, Գեղամյանն ասաց, որ Փակ շուկայի հարևանությամբ եղել են մի քանի անգամ անսարքություններ, որոնք 1 օրվա կտրվածքով վերականգնվել են:

«Դեպք է եղել, որ ֆիզիկապես վնասել են, դեպք է եղել՝ ոչ ճիշտ օգտագործման կանոններով օգտագործելուց կանգնել է վերելակը, բայց շտկել են արդեն»,- ասաց Գեղամյանը, նաև տեղեկացրեց, որ տեղադրվել են նաև տեսահսկման սարքեր, որոնք սպասարկող ընկերության տրամադրության տակ են:

Ավինյանն առաջարկեց երկարաժամկետ լուծում գտնել, որպեսզի սպասարկման ժամկետն անցնելուց հետո վերելակները կրկին սպասարկվեն:

«Մինիմալ լուծումը, կարծում եմ, այն է, որ մենք ուղղակի պատվիրակենք որևէ մեկին ծառայություն մատուցել մեզ, տեսանկարահանող սարքավորումներ դնել և պատասխանատվությունը դնել այդ ընկերության վրա: Դա, կարծում եմ, ամենամատչելի տարբերակը կլինի»,- ասաց Ավինյանը:

Նմանատիպ նյութեր