211652_close_icon
views-count967 դիտում article-date 17:36 29-01-2024

Մոսկվայի դատարանը նախկին քննիչ Լևոն Աղաջանյանին դատապարտել է 11 տարվա ազատազրկման

Մոսկվայի Զամոսկվորեցկի դատարանը ՌԴ Քննչական կոմիտեի նախկին քննիչ Լևոն Աղաջանյանին դատապարտել է 11 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչելով Մոսկվայի բիզնես կենտրոնում տեղի ունեցած հրաձգության գործով ապացույցները կեղծելու և անմեղ անձին քրեական պատասխանատվության ենթարկելու համար, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Աղաջանյանին դատապարտել 11 տարվա ազատազրկման՝ ընդհանուր ռեժիմի գաղութում»,- դատավճիռը հրապարակել է դատավորը։

Դատարանը նաև ամբաստանյալից բռնագրավել է 7 մլն ռուբլի։ Դատավճռով Աղաջանյանին զրկել են արդարադատության մայորի կոչումից։ Ազատվելուց հետո նրան երեք տարի արգելվում է զբաղեցնել կազմակերպչական կամ վարչական գործառույթների հետ կապված պաշտոններ։

Դատավճիռը դեռ օրինական ուժի մեջ չի մտել։ Պաշտպանական կողմը հայտարարել է այն վերաքննիչ դատարանում բողոքարկելու մտադրության մասին։

ՌԴ Քննչական կոմիտեի տվյալներով՝ Աղաջանյանը 2019 թվականի փետրվարին ազատվել է ՌԴ Քննչական կոմիտեի Մոսկվայի գլխավոր քննչական վարչության քննիչի պաշտոնից, որից հետո սկսել է փաստաբանական գործունեությունը։ Նրա ապօրինի գործողությունների փաստը բացահայտել են ՌԴ Քննչական կոմիտեի կենտրոնական ապարատի քննիչները՝ Մոսկվայի կենտրոնում գտնվող «Օկո» աշտարակում փոխհրաձգության դեպքի առթիվ վարչության մայրաքաղաքային բաժնից հանված քրեական գործի քննության ընթացքում։ Դեպքը տեղի է ունեցել 2017թ.: Այս գործով նախաքննությունը վարել է Աղաջանյանը։ Քննչական կոմիտեն կարծում է, որ նախաքննության ընթացքում նա կեղծել է քրեական գործով որոշ քննչական արձանագրություններ և իրեղեն ապացույցներ՝ հանցագործության մեջ մեղադրյալների դերը նվազեցնելու նպատակով։ Բացի այդ, նա ապօրինի քրեական հետապնդում է իրականացրել երեք այլ քաղաքացու նկատմամբ: 

Նմանատիպ նյութեր