211652_close_icon
views-count730 դիտում article-date 19:18 31-01-2024

ՄԻՊ աշխատակազմում տեղի է ունեցել քննարկում՝ ազատազրկված անձանց իրավունքների մասին

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում հունվարի 31-ին տեղի է ունեցել հանդիպում ՀՀ արդարադատության նախարարության, ՆԳՆ ոստիկանության, Դատական դեպարտամենտի և Քրեակատարողական ծառայության ներկայացուցիչների հետ։

Հանդիպման ժամանակ Պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Լաուրա Գասպարյանը և Քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Արամ Մինասյանը ներկայացրել են դատարանների շենքերում ազատությունից զրկված անձանց պահելու խցերում Պաշտպանի կողմից իրականացված մշտադիտարկման այցերի ընթացքում և անհատական բողոքներով արձանագրված խնդիրները։

Անդրադարձ է կատարվել դատարանների խցերում ազատությունից զրկված անձանց սննդի, բուժօգնության և փաստաբանական ծառայությունների պատշաճ տրամադրմանը։ Մասնավորապես, հաճախ խնդիր է առաջանում անձանց, օրենսդրորեն սահմանված կարգով, պահածոյացված սնունդ տրամադրելու և ընդունելու հետ։

Դատարանների խցերում հիմնականում բացակայում են սեղանները, սնունդը տաքացնելու և պահպանելու հնարավորությունները, ինչպես նաև սպասքը։ Չկան նաև օրենսդրական կարգավորումներ ազատությունից զրկված անձանց դատարանների խցերում պատշաճ բուժօգնության և բժշկական ցուցմամբ մշտական ընդունվող դեղորայքի տրամադրման վերաբերյալ։

Պաշտպանի աշխատակազմում բողոքներ են ստացվել նաև փաստաբանների կողմից, երբ դատարանի խցում գտնվող ազատությունից զրկված անձը օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերի բացակայության պարագայում զրկված է փաստաբանի հետ անարգել տեսակցության իրավունքից։

Վերոնշյալ խնդիրները խոչընդոտում են ազատությունից զրկված անձանց իրավունքների արդյունավետ պաշտպանությանը և ունեն հրատապ լուծման կարիք։

Իրավասու պետական մարմինների հետ քննարկման ընթացքում նախանշվել են լուծման արդյունավետ ուղիներ, ընդգծվել է համապատասխան օրենսդրական կարգավորումների մշակման անհրաժեշտության հրատապությունը։

Նմանատիպ նյութեր