211652_close_icon
views-count1330 դիտում article-date 19:48 01-02-2024

Մենք քաղաքացու և պետության միջև ճեղք ունենք. վարչապետը խոսել է հնարավոր նոր Սահմանադրության մասին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է, թե ինչով է պայմանավորված նոր Սահմանադրություն ունենալու  անհրաժեշտությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանը թեմային անդրադարձել է  Հայաստանի Հանրային ռադիոյի «Անվտանգային միջավայր» հաղորդմանը տված հարցազրույցում:

Վարչապետը նախ հիշեցրել է, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո էլ,  2020թ. 44-օրյա պատերազմից հետո էլ, և անկախ այդ ամենից, Սահմանադրության թեման Հայաստանում միշտ կենդանի է եղել ամենատարբեր առիթներով: Փաշինյանը նշել է, որ հիմա շատ լայնորեն քննարկվում է, և ինքը խոսել է նոր Սահմանադրություն ունենալու անհրաժեշտության մասին:

Նա ընդգծել է՝ վերջին շրջանում ինքը նաև շատ է խոսում հայրենիք-պետություն հասկացությունների հարաբերությունների մասին, շատ է խոսում պետական ինստիտուտներն ամրացնելու անհրաժեշտության մասին: Ըստ նրա՝ մեծ հաշվով՝ 2018 թ. ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը նաև քաղաքացի-պետություն հարաբերությունների մասին էր, քաղաքացի-պետություն դե յուրե, դե ֆակտո սոցիալական, աշխատանքային հարաբերությունների մասին է:

«Եվ ես արձանագրում եմ, միշտ եմ արձանագրել, բայց իհարկե հետագայում է, որ դրա կարևորության ընկալումն ինձ համար դարձել է ամբողջական. մենք քաղաքացու և պետության միջև ճեղք ունենք: Ինչո՞վ է արտահայտվում այդ ճեղքը: Այդ ճեղքն արտահայտվում է լեգիտիմությամբ, որովհետև Հայաստանի Հանրապետության  Սահմանադրությունը, որն ընդունվել է 1995թ. և մի քանի անգամ փոփոխվել է, երբեք չի ընդունվել այն պայմաններում և միջավայրում, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին ինքն իրեն ասի՝ ես գնացի, քվեարկեցի և ընդունեցի Սահմանադրություն: Այսինքն՝ ես գնացի և արձանագրեցի իմ պայմանավորվածությունը մյուս քաղաքացիների և պետության հետ, որ մենք իրար հետ հարաբերվում ենք այսպես և ապրում ենք այսպես: Այսօր շատ եզրույթներ կան, որ մենք ասում ենք, և վերլուծաբանները, մտավորականները շատ հաճախ խոսում են այն մասին, որ մենք պետական ժողովուրդ չենք, մենք երկար ժամանակ պետություն չունեցած ժողովուրդ լինելով՝ դեռ չենք դարձել պետական ժողովուրդ: Այս խոսույթը կա, բայց ես չեմ ուզում մտնել դրա մանրամասների մեջ, ասել՝ այդպես է, թե այդպես չէ, որովհետև ինչ-որ առումով այդպես է, ինչ-որ առումով այդպես չէ: Բայց ես ուրիշ բան եմ ուզում մենք ֆիքսենք, ո՞րն է այն կետը, ո՞րն է այն պահը, երբ մենք ոչ պետական ժողովրդից վեր ենք ածվում պետական ժողովրդի: Այդ պահը Սահմանադրական հանրաքվեն է, երբ մարդը գնում է ինքն իր ազատ կամքով, առանց հարկադրանքի, առանց կեղծիքների, առանց ընտրակեղծիքների, առանց մանիպուլյացիաների և ձեռք բերում պայմանավորվածություն»,-ասել է վարչապետը:

Հարցին, թե գործող Սահմանադրության խութե՞րն են միգուցե, որ պետություն- հասարակություն  ճեղքը լրացնելու, այդ ճեղքը բուժելու խնդիր են հանդիսանում՝ վարչապետը պատասխանել է, որ իր ասածի առումով էական չէ, թե ինչ է գրված Սահմանադրության մեջ: Իհարկե էական է, թե ինչ է գրած, բայց այս կոնտեքստում էական չէ, թե ինչ է գրած Սահմանադրության մեջ, էական է, թե ինչքանով այդ Սահմանադրությունն օրգանիկ կապ ունի ժողովրդի հետ:

«Օրգանիկ կապը ժողովրդի հետ ոչ միայն արտահայտվում է նրանով, որ մենք պետք է քննարկենք, բոլոր նրբությունները հասկանանք, բոլոր ձևակերպումները  հանենք: Սահմանադրության տեքստը մեծ մասամբ ավելի շատ մասնագիտական քննարկման, ձևակերպումների խնդիր է՝ քաղաքական ուղենիշները սպասարկելու համար, բայց պետության հետ գենետիկ կապը, ժողովրդի հետ գենետիկ կապը ձևավորվում է այն պահից, երբ ժողովուրդն ընդունում է, հաստատում է այդ պայմանը, առաջինն  արձանագրում է, որ ինքը պետական ժողովուրդ է և  արձանագրում է, որ այս պետության սահմաններում իրար հետ մենք հարաբերվելու ենք այս կանոններով»,-ասել է Փաշինյանը:

Վարչապետի ընկալմամբ՝ նոր Սահմանադրություն ունենալու անհրաժեշտությունը պայմանավորված է ժողովրդի և  պետության միջև եղած ճեղքը լրացնելու գենետիկ կապով: Ըստ նրա՝ հանրային ընկալումն այն է, որ ժողովուրդը երբեք չի գնացել և կողմ չի քվեարկել:
Հարցին, թե դա ավելի կլեգիտիմացնի՞ պետություն և ժողովուրդ հարաբերությունները՝ Փաշինյանը դրական պատասխան է տվել: Նա շեշտել է, որ լեգիտիմությունն ընդհանրապես բոլոր հարաբերություններում էլ շատ էական է:

«Լեգիտիմ հարաբերությունը հետևյալն է՝ ի՞նչ եմ ակնկալում ես ձեզնից և ի՞նչ եք ակնկալում դուք ինձնից: Ձեր ակնկալիքների ո՞ր մասն եմ ես պատրաստ բավարարել, դա մեր հարաբերությունների լեգիտիմ հիմքն է, և ի՞նչ ակնկալելու իրավունք ունեք դուք ինձնից, որովհետև ամեն ինչ չէ, որ կարող եք ինձնից ակնկալել: Լեգիտիմությունն այն է, որ մեր հարաբերությունների մեջ ձևավորվում է ընդունելի մի շրջանակ, որտեղ մենք ազատ ենք իրար հետ շփվել»,-ասել է նա:

Վարչապետը նաև շեշտել է, որ կառավարությունը չի կարող փոխել Սահմանադրությունը: Կառավարությունը կարող է առաջարկել ժողովրդին, կառավարությունը կարող է խոսել ժողովրդի հետ, կառավարությունը կարող է իր բացատրությունները ներկայացնել ժողովրդին, և միայն ժողովուրդը կարող է այդ որոշումը կայացնել:

Անդրադառնալով տեսակետներին, շահարկումներին, թե իշխանությունը կկեղծի քվեարկությունը՝ Փաշինյանը հիշեցրել է, որ տասնյակ ընտրություններ են արել Հայաստանում 2018 թվականի հեղափոխությունից հետո:

«Թող ցույց տան մի դեպք, երբ մենք մի քվեաթերթիկի հետ կապված հարց ենք բարձրացրել, կամ կեղծիք է տեղի ունեցել, որովհետև այդ ճանապարհով գնալ՝ կնշանակի ոչնչացնել մեր իսկ քաղաքական ինքնությունը: Դա անհնար է»,-հավելել է Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր