211652_close_icon
views-count568 դիտում article-date 19:45 08-02-2024

Բաբկեն Թունյանը հանդիպել է ԵՊՀ ուսանողների հետ

Հայաստանի տնտեսության զարգացմանն ուղղված ծրագրերին, հայ-թուրքական սահմանի բացմանը, ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը վերաբերող հարցերի մասին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը խոսել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի բակալավրիատի մի խումբ ուսանողների հետ հանդիպման ընթացքում:

Հանձնաժողովի փոխնախագահը ներկայացրել է ԱԺ կառուցվածքը, հանձնաժողովների գործառույթները, օրենսդրական նախաձեռնությունների մշակման, քննարկման եւ ընդունման կարգերը:

Հանդիպումն անցել է հարցուպատասխանի ձեւաչափով: Բաբկեն Թունյանը, պատասխանելով ուսանողի՝ հայ-թուրքական սահմանի բացմանը վերաբերող հարցին, նշել է, որ ժամանակին սահմանը փակել է Թուրքիան՝ փաստացի շրջափակման ենթարկելով Հայաստանին:

Փակ սահմանն ազդեցությունն ունի մեր երկրի տնտեսության վրա:

«Ապրանքաշրջանառությունը, որը կարող էր իրականացվել Թուրքիայի տարածքով ավելի կարճ ժամանակահատվածում եւ քիչ ծախսատար եղանակով, իրականացվում է երրորդ երկրների միջոցով»,- նշել է պատգամավորը:

Այս համատեքստում Բաբկեն Թունյանը կարեւորել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումը, Խաղաղության պայմանագրի կնքումը: Հանձնաժողովի փոխնախագահն ընդգծել է, որ Հայաստանի տնտեսությունը զարգացնելու նպատակով անհրաժեշտ է բարելավել արտադրվող ապրանքների որակը, ստեղծել ազգային բրենդ:

Անդրադառնալով ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցին՝ Բաբկեն Թունյանը ներկայացրել է մեր երկրի համար դրա դրական եւ բացասական կողմերը: Նա նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի ամենախոշոր առեւտրային գործընկերն է:

Պատգամավորն անդրադարձել է նաեւ գյուղատնտեսության ոլորտին վերաբերող հարցերին: Նա խնդիր է համարել հանրապետությունում չօգտագործվող հողերի առկայությունը: Ըստ նրա՝ Կառավարությունը քննարկում է խոշոր հողակտորների ձեւավորման հարցը: Նախատեսվում է մշակել գույքահարկի տարբեր սահմանաչափեր՝ օգտագործվող եւ չօգտագործվող հողերի համար:

Բաբկեն Թունյանը հաջողություն է մաղթել ուսանողներին եւ հորդորել իրենց գիտելիքներն օգտագործել ի շահ Հայաստանի Հանրապետության:

Ուսանողները 6 շաբաթ իրենց մասնագիտական փորձաշրջանը կանցնեն Ազգային ժողովում:

Նմանատիպ նյութեր