211652_close_icon
views-count667 դիտում article-date 13:18 10-02-2024

Փարիզն անվերապահ և անփոփոխ հանձնառություն ունի՝ աջակցելու Հայաստանի ինքնիշխանությանը և անձեռնմխելիությանը․ Ֆրանսիայի ԱԳ նախարար

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունն ամփոփել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեի հանդիպման արդյունքները։ Ինչպես տեղեկանում ենք Ֆրանսիայի ԱԳՆ-ի հաղորդագրությունից, Ստեֆան Սեժուրնեն ընդգծել է Ֆրանսիայի անվերապահ, ամբողջական և անփոփոխ հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի ինքնիշխանությանը և անձեռնմխելիությանը:

Նշվում է, որ նախարարները քննարկել են երկկողմ համագործակցության ամրապնդման ուղղությունները, մասնավորապես՝ տրանսպորտի, էներգետիկայի և ջրային ռեսուրսների ոլորտներում ենթակառուցվածքային նախագծերի զարգացումը: Քննարկվել են նաև Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ամրապնդմանն առնչվող հարցեր:

Ֆրանսիան շարունակում է ավելացնել մարդասիրական աջակցությունը Հայաստանին և Լեռնային Ղարաբաղից փախստականներին. խոսքը 29 միլիոն եվրո կազմող օգնության մասին է, որն ուղղված է ՀԿ-ներին, ԿԽՄԿ-ին, Հայկական Կարմիր Խաչին և ՄԱԿ-ի գործակալություններին՝ այս հատկապես խոցելի բնակեցված խմբերի սոցիալական, բժշկական, կրթական և ֆինանսական աջակցության ընդունման և ապահովման համար:

Նախարարներն ամփոփել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված քննարկումների արդյունքները: Ֆրանսիայի ԱԳ նախարարը վերահաստատել է Ֆրանսիայի աջակցությունը ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջնորդական ջանքերին։

«Արդար և հարատև խաղաղություն կարող է լինել միայն միջազգային իրավունքի, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և երկու պետությունների սահմանների անխախտելիության հարգանքի դեպքում»,-նշված է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր