211652_close_icon
views-count574 դիտում article-date 20:31 13-02-2024

Հայաստան-ԵՄ գործընկերության օրակարգը հարստացել է նոր կարեւոր մեխանիզմներով. Արարատ Միրզոյան

Հայաստան-ԵՄ օրակարգը հարստացել է նոր կարեւոր մեխանիզմներով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ԵՄ-Հայաստան Գործընկերության խորհրդի հինգերորդ նիստի ավարտին ԵՄ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Նախարարի խոսքով համապարփակ քննարկումները  թույլ տվեցին գնահատել այն ամենն, ինչ արվել է և բացահայտել նոր ուղիներ ԵՄ-ՀՀ գործընկերությունն ընդլայնելու համար ու գործընկերության նոր առաջնահերթությունները։ Կողմերը գոհունակությամբ են արձանագրել, որ վերջին նիստից ի վեր Հայաստան-ԵՄ օրակարգը հարստացել է նոր կարեւոր մեխանիզմներով։ Անվտանգության, տնտեսության եւ շարժունակության շուրջ հարցերը եղել են քննարկման կենտրոնում։

Արարատ Միրզոյանը կարեւորելով քաղաքական և անվտանգության երկխոսությունը և ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայումը Ադրբեջանի հետ Հայաստանի միջազգային սահմանին՝ նշեց, որ տնտեսության ոլորտում ԵՄ-ն շարունակում է մնալ Հայաստանի հիմնական առևտրային գործընկերներից մեկը։

«Մենք պայմանավորվեցինք օգտագործել բոլոր առկա մեխանիզմները՝ առևտրատնտեսական կապերն էլ ավելի ամրապնդելու համար ինչպես երկկողմ մակարդակով, այնպես էլ տարածաշրջանային նախագծերի միջոցով։ Այս առումով ընդգծվել է Հայաստանի մասնակցության կարևորությունը Սեւծովյան էլեկտրական մալուխի նախագծին, ինչպես նաև տնտեսական և ներդրումային ծրագրերի արդյունավետ իրականացումը», - ասաց Միրզոյանը։

Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարն անդրադարձավ նաեւ վիզաների ազատականացման գործընթացին եւ շեշտեց, որ բոլոր անհրաժեշտ պահանջները կատարվել են, և ժամանակն է սկսել Հայաստան-ԵՄ վիզային ռեժիմի ազատականացման երկխոսությունը։ «Դա մեր ժողովուրդներին մերձեցնելու և մեր համագործակցության շոշափելի արդյունքներով ապահովելու ընտրություն է», - ասաց Միրզոյանը։

Նմանատիպ նյութեր