211652_close_icon
views-count43289 դիտում article-date 23:02 16-02-2024

Լոռու մարզում բնակարանային գողությունների պակաս չկա․ թալանել են «Գլորիա» ֆաբրիկայի որակի հսկիչի տունը․ տեղացիներն էլ ասում են՝ «աչքդ թեքում ես, բանիդ տերը չես»

Վերջին ամիսներին Լոռու մարզում արդեն թևավոր խոսք է դարձել «աչքդ թեքում ես, բանիդ տերը չես» արտահայտությունը։ Պատճառը նրանում է, քանի որ Լոռու մարզում, մասնավորապես Վանաձոր քաղաքում, բնակարանային գողության դեպքերի պակաս չկա։ Ամեն օր, վանաձորցին արթնանալով հերթական գողության մասին է լսում ու դառը կատակում․ «Միևնույնն է, որ մի գողությունը բացահայտվեց, որ սա էլ բացահայտվի ու գողությունների ծայրը չի երևում»։ 

Երեկ՝ փետրվարի 15-ին, հերթական բնակարանային գողության դեպքն է տեղի ունեցել Վանաձորում։ Ժամը 15։25-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Դեմիրճյան փողոցի շենքերից մեկի բնակիչ 30-ամյա Գառնիկ Ս․-ն իր ծնողից տեղեկանում է, որ իրենց տունը թալանել են։ 

Գողության մասին ահազանգ է ստացվում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժին, որտեղից ժամանում է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արսեն Աղումյանի գլխավորությամբ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգով ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Պարզվել է, որ Գառնիկ Ս․-ի մայրը ժամը 15։00-ի սահմաններում աշխատանքից վերադառնում է տուն և հայտնաբերում է տունը թալանված։

Արդեն տեղում ոստիկաններն ու քննիչները պարզում են, որ հավանաբար գողությունը տեղի է ունեցել 14։00-ից 15։20-ն ընկած ժամանակահատվածում և գողը կամ գողերը հարմարեցված բանալիով բացել են մուտքի դուռը և այնտեղից գողացել մեկական ոսկյա շղթա, ոսկյա թևնոց, 3 հատ ոսկյա խաչեր, տարբեր ապրանքանիշների կոնյակներ, նոթբուք, մոտ 15 հատ տղամարդու տարբեր տեսակի ժամացույցների հավաքածու, տարբեր տեսակի արձանիկներ, սպորտային ձայնային ատրճանակ և գումար։

Դեպքի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ տուժածն աշխատում է «Գլորիա» կարի ֆաբրիկայում՝ որպես որակի հսկիչ։

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր