211652_close_icon
views-count1078 դիտում article-date 20:35 19-02-2024

«Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցը»՝ խոշոր պարտքերի տակ․ այն ևս միավորեցին «Գյումրի բժշկական կենտրոնին»

Գյումրու «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցը», որը գտնվում է «Գյումրի բժշկական կենտրոնի» հարևանությամբ, միավորել են հենց այս կենտրոնին։ Թե որն է պատճառը, Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը հիմնականում պարզաբանում է այն հանգամանքով, որ մանկական հիվանդանոցը հայտնվել է պարտքերի տակ։ «Նախորդ տարվա դեկտեմբերի ամսի վերջին արդեն իսկ վերամիավորումը եղել է, և «Ավստրիական մանկական հիվանդանոցը»՝ որպես Ավստրիական բաժանմունք, գործելու է «Գյումրի բժշկական կենտրոնի» ենթակայության տակ։ Այն կմնա նույն շենքում, ավելին՝ մանկական բաժանմունքը պետք է ավելի ուժեղացնենք։ Իհարկե, վերամիավորման պատճառներից մեկը նաև «Ավստրիական մանկական հիվանդանոցի» ֆինանսական վիճակն էր, բավականին պարտք ուներ կուտակված։ Հիշում եք՝ մենք «Գյումրի բժշկական կենտրոնին» վերամիավորեցինք «Գյումրու ծննդատունը»՝ 130 միլիոնից ավելի պարտքով, այս պահին պարտք չունենք ծննդատան մասով։ Հիմա «Ավստրիական հիվանդանոցը» 100 միլիոնից մի փոքր ավել պարտք ունի»,-ասաց մարզպետը։

Aravot.am-ին այս թեմայի շուրջ պարզաբանումներ ներկայացրեց նաև « Գյումրի բժշկական կենտրոնի» գործադիր տնօրեն Արմեն Իսահակյանը։

Նա ասաց, որ Առողջապահության նախարարության և Շիրակի մարզպետարանի հետազոտությունները հանգեցրել են այն եզրակացության, որ «Ավստրիական մանկական հիվանդանոցի» մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում ծնունդների թիվը կտրուկ նվազել է, ամսական մոտ 75-80 ծնունդների փոխարեն միացման պահին ունեին 15 ծնունդ, իսկ մոտ 300 հսկվող հղիների թիվը նվազել էր՝ հասնելով 40-ի։ Այս ամենը, ըստ գործադիր տնօրենի, հանգեցրել էր նրան, որ մանկական հիվանդանոցն ամիսը 4 միլիոն դրամի պարտք էր կուտակում, աշխատավարձի ֆոնդը հասել էր 105-108 տոկոսի, որը հետագա զարգացում ապահովել չկարողանալու ապացույցն էր։ Արմեն Իսահակյանի հաշվարկներով՝ 1-1,5 տարի հետո հիվանդանոցը կարող էր մոտ 300 միլիոն դրամի պարտք կուտակել։ Ըստ նրա, մանկական հիվանդանոցը « Գյումրի բժշկական կենտրոնին» միավորվում է 100 միլիոնից ավել պարտքով, թեև այս թիվը օր օրի փոխվում է իրենց հետազոտության արդյունքում։ Արմեն Իսահակյանի ասելով, այն ավելին կդառնար, եթե ժամանակին Շիրակի մարզպետի հսկողության տակ չվերցվեր։

«Դա հաշվի առնելով՝ Շիրակի մարզպետարանն Առողջապահության նախարարության հետ կազմակերպեցին ու միավորման արդյունքում Գյումրիում ստեղծեցին մեկ բազմապրոֆիլ հիվանդանոց՝ «Գյումրի բժշկական կենտրոնի» բազայի վրա։ Կարևոր էր, որ շենքերը մնացին։ Կրճատումները կլինեն վարչական մասից, նվազագույնի ենք հասցրել, կարող եմ ասել, որ 7-8 աշխատակից կկրճատվեն։ Վարչական մասից զատ նման մի պահ կա․ երկու հիվանդանոցների միավորման արդյունքում կունենանք երկու բաժանմունքների վարիչներ, նրանցից ընտրություն պիտի կատարենք, պիտի մնա մեկը։ Դրանցից մեկը «Գյումրի բժշկական կենտրոնի» մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքն է, որը ընդունել է 100 ծնունդ և 430 գրանցված հղի, մյուսը՝ 40 գրանցված հղի, 15 ծնունդով։ Այդ երկու բաժանմունքի վարիչներից մեկը պիտի մնա, պարզ է, որ մեծ քանակի ծնունդներ ընդունող ու զարգացման փուլ ապահովող բաժնի վարիչը մնալու է, մյուսն՝ այդ պաշտոնից դուրս է գալու՝ հաստիքի կրճատման պատճառով։ Նույն պատկերն է ավագ բուժքույրերի դեպքում, պարզ է, որ 20-30 հոգանոց բաժանմունքի և 100 հոգանոց բաժանմունքի միջև տարբերություն կա, ավագ բուժքույրերի աշխատանքները պիտի ուղղված լինեն ավելի խոշոր հիմնարկի փորձը օգտագործելուն։ Կա նաև 75 տարեկան մանկաբարձուհի, պիտի քննարկենք՝ արդյոք նա կկարողանա՞ գիշերվա ժամին ապահովել լիարժեք մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի արդյունավետ գործունեության համար ներկայացվող պահանջները։ Մարդիկ այսօր մեծ պահանջներ ունեն մեզանից և ի վերջո օպտիմալացման արդյունքը պիտի լինի բարելավումը ոչ միայն բժիշկների, բուժքույրերի աշխատանքի, այլ առաջնահերթ հիվանդների պայմանների ։ Իսկ մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքները ստրատեգիական կարևորագույն նշանակության ունեն և պիտի ապահովել որակյալ պայմաններ, և կապահովենք․ կան բոլոր նախադրյալները։ Այդ միացման արդյունքում շատ ծառայություններ, որոնք նախկինում մանկական հիվանդանոցի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքը չի ունեցել, կկարողանանք ունենալ․ -

«Գյումրի բժշկական կենտրոնը» իր հնարավորությունները կմիավորի, կդառնա մեկ ամբողջական մարմին և կօգտագործենք մեր՝ «Գյումրի բժշկական կենտրոնի»՝ վերջին տարիներին ձեռք բերած մանկաբարձագինեկոլոգիայի բաժանմունքի նոր սարքավորումները։ Նոր պետական ծրագիր է ներդրվում, շատ մոտակա օրերին կլինի բացումը, սերմնավորման ծառայությունն է ներդրվում մարզերում, առաջինը «Գյումրի բժշկական կենտրոնի» մանկաբաձրագինեկոլոգիական բաժանմունքում է, տարածքն արդեն կա, վերանորոգումն ավարտել ենք։ Սա ևս մեկ օգնություն է մեր կանանց, ովքեր գնում էին մայրաքաղաք և ոչ պետական ծագրերով, վճարովի ծառայությունից էին օգտվում, որը բավական թանկ է»։ Ըստ Արմեն Իսահակյանի, «Գյումրի բժշկական կենտրոնի» մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքը հղիների սքրինինգային հետազոտման ծրագիր էր իրականացնում բարեգործական ընկերություններից մեկի շնորհիվ, որը ունեցել է լուրջ արդյունքներ։ Առողջապահության նախարարի հրամանով, այն շարունակվելու է պետական հովանու տակ, կկարողանան ունենալ լաբորատորիա՝ նոր, գերհագեցած սարքավորումներով, հնարավորություն կունենան բոլոր նյութերը ձեռք բերել ու սքրինինգը լիարժեք դարձնելու համար։ Այն, մեր զրուցակցի ասելով, կդառնա արդյունավետ ծառայություններից մեկը, կսպասարկի ողջ մարզին։

Արմեն Իսահակյանն ասում է․ «Ուզում եմ իրազեկ լինեն մեր բնակիչները, ասում են՝ ավստրիական հիվանդանոցը փակվել է, չի փակվել, ավելին՝ մենք անունն անգամ չենք ուզում հանել, որպես բաժանմունք՝ ավստրիական անունը պիտի մնա։ Մենք նպատակադրված ենք խորացնել հարաբերությունները Ավստրիայի կառավարության հետ, որը հետերկրաշարժյան ծանր տարիներին ձեռք մեկնեց մեզ, անգնահատելի է նրանց օգնությունը, մենք կվերականգնենք ու կշարունակենք ավելի սերտ կապեր, ծրագրեր ենք մշակել այդ ուղղությամբ»։

Նմանատիպ նյութեր