211652_close_icon
views-count712 դիտում article-date 18:27 04-03-2024

Ասիական զարգացման բանկի պատվիրակությունը հյուրընկալվել է Քաղաքաշինության կոմիտեում

Քաղաքաշինության կոմիտեում մարտի 1-ին հյուրընկալել են Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը՝ Մայքլ Նիչզյալի գլխավորությամբ։

Քննարկվել են ԱԶԲ խորհրդատվական առաքելության աջակցությամբ Հայաստանի առողջապահության որակի բարելավման ծրագրի շրջանակում առողջապահական հաստատությունների կառուցմանն ու վերակառուցմանն առնչվող հարցեր։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող, նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանը ներկայացրել է քաղաքաշինական գործող ընթացակարգերը, դաշտը կանոնակարգող քաղաքաշինական նորմերը։ Նա տեղեկացրել է, որ ներկայում մշակվում են առողջապահական հաստատությունների վերաբերյալ առանձին նորմեր, իսկ միջազգային՝ առավելապես ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Չինաստանի փորձի ուսումնասիրման հիման վրա նախատեսվում է առողջապահական հաստատությունների մասով բարելավել երկրաշարժադիմացկուն շինարարության նորմերը, որոնք մշակվել են ԱԶԲ աջակցությամբ։

Մայքլ Նիչզյալն ընդգծել է, որ ծանոթանալով գործող չափանիշներին և համադրելով ԱԶԲ պահանջների հետ՝ նպատակ ունեն համատեղել ջանքերը՝ որակի միջազգային հիմնական չափանիշներին համապատասխան առողջապահական ենթակառուցվածքներ ձևավորելու համար։ Այդ համատեքստում կարևորել է սեյսմիկ անվտանգության ապահովումը, էներգաարդյունավետության, կլիմայի ազդեցության մեղմացմանն ուղղված միջոցառումների իրականացումը։

Ծրագրի իրագործմամբ ԱԶԲ կմասնակցի ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված առողջապահական հաստատությունների արդիականացման միջոցառումներին։

Կարևորելով Ասիական զարգացման բանկի հետ տարբեր ծրագրերի շրջանակում համագործակցությունը՝ Դավիթ Գրիգորյանը ողջունել է գործունեության նոր ուղղությունը՝ հայտնելով ԱԶԲ առաքելությանն աջակցելու կոմիտեի պատրաստակամությունը։

Նմանատիպ նյութեր