211652_close_icon
views-count673 դիտում article-date 19:44 07-03-2024

ՀՀ վարչապետը և Կիպրոսի ԱԳ նախարարը կարևորել են դիվանագիտական ներկայացուցչությունների փոխադարձ բացումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կոնստանտինոս Կոմբոսին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, վարչապետը ողջունել է Կիպրոսի ԱԳ նախարարի և նրա գլխավորած պատվիրակության այցը Հայաստան և նշել. «Ուրախ եմ, որ մեր հարաբերություններում նկատվում է որոշակի նոր դինամիկա։ Մեր հարաբերությունները միշտ ջերմ են եղել, բայց չնայած դրան՝ մենք պետք է շարունակական առաջընթաց գրանցենք։

Տարբեր ոլորտներում համագործակցության բավականին մեծ օրակարգ ունենք։ Ունենք երկխոսություն անվտանգության, արտաքին քաղաքականության ոլորտներում։ Կուզենայի մեր ուշադրությունը հրավիրել տնտեսական օրակարգի վրա, որն իմ կարծիքով, շատ կարևոր է, որպեսզի ավելի ամրապնդվեն հարաբերությունները։ Այս առումով ես նաև շատ մեծ նշանակություն եմ տալիս եռակողմ ֆորմատին, որին մասնակցում է նաև Հունաստանը: Հույս ունեմ, որ այս ամառ հանդիպում կկազմակերպենք, որն իմ կարծիքով, շատ կարևոր է։ Բարով եք եկել, ուրախ եմ Ձեզ տեսնելու համար։ Կուզենայի լսել Ձեր տպավորությունների մասին, տարածաշրջանային և միջազգային զարգացումների մասին Ձեր մեկնաբանությունները, և իհարկե, նաև մեր երկկողմ օրակարգի վերաբերյալ»:

Ըստ աղբյուրի՝ Կոնստանտինոս Կոմբոսը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և հավելել. «Ինձ համար մեծ պատիվ է լինել այստեղ: Մենք արդեն քննարկել ենք Ձեր նշած բաղադրիչներից շատերը, մասնավորապես, թե ինչպես խորացնել մեր հարաբերությունները: Տեղեկացնեմ, որ այդ նպատակով առաջիկա մեկ տարվա ընթացքում կբացենք դեսպանատուն Երևանում։

Նաև իմ գործընկերոջ հետ քննարկել ենք բիզնես ֆորումի հարցը, փորձելով դրա շրջանակում առավել կոնկրետ արդյունքներ գրանցել, այդ թվում՝ այն ոլորտներում, որտեղ արդեն լավ համագործակցություն ունենք՝ պաշտպանական ոլորտ, տուրիզմ, կրթություն, ուշադրություն կդարձնենք նաև այս ոլորտներին։ Գտնում եմ, որ մեր հարաբերությունները չափազանց կարևոր են պատմական պատճառներով, բայց նաև կան բավական հեռանկարներ՝ դրանք էլ ավելի բարելավելու տնտեսական արդյունքներ գրանցելու միջոցով։ Ինչ վերաբերում է եռակողմ ֆորմատին, ապա մենք հանձնառու ենք: Այս ֆորմատը հավասարապես կարևոր է բոլորի համար, կարող եք վստահ լինել, որ մենք շատ մեծ նշանակություն ենք տալիս մեր հարաբերություններին: Մենք գնահատում ենք Կիպրոսի հարցում ձեր ավանդական սկզբունքային դիրքորոշումը»։

Նշվում է, որ դիվանագիտական հարաբերությունների ամրապնդման նպատակով զրուցակիցները կարևորել են դիվանագիտական ներկայացուցչությունների փոխադարձ բացումը մայրաքաղաքներում:

ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկացմամբ՝ կողմերն անդրադարձել են Հայաստան-Եվրոպական միություն հետագա համագործակցության զարգացմանը, մտքեր փոխանակել Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների, տարածաշրջանային խաղաղության ու կայունության ապահովման քայլերի շուրջ: Այս համատեքստում վարչապետը կարևորել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությունը:

Նմանատիպ նյութեր