211652_close_icon
views-count823 դիտում article-date 11:18 08-03-2024

Սիրելի՛ կանայք, խիզախորեն գնացեք ձեր երազանքների և նպատակների հետևից՝ համոզմունքով, որ շարունակական ու հետևողական ջանքերն արդյունք են տալիս․ ԿԳՄՍ նախարար

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա առթիվ, որը ներկայացնում ենք ստորև․

«Սիրով և ջերմությամբ շնորհավորում եմ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ։

Մարտի 8-ը կանանց դերակատարումն ընդգծելու, խրախուսելու, նրանց ստեղծարար ներուժն արժևորելու, եղած խնդիրների մասին մտածելու լրացուցիչ առիթ է։ Կանանց դերը մշտապես շրջադարձային և որոշիչ է եղել տարբեր հասարակություններում և բոլոր ժամանակներում։ Հատկապես մեր օրերում չկա մի ոլորտ, որտեղ կանայք ասելիք, անելիք և նշանակալի ներդրում չունենան։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում կնոջ գործունեությունն առանձնակի կարևոր է, քանի որ հենց այս ասպարեզներում է ձևավորվում հասարակության ապագան՝ շնորհիվ արժեքների, ստեղծագործության, նվաճումների և հաղթանակների։ Մարտահրավերներին դիմակայելու կանանց միասնականությունն ու համախմբումը չբացահայտված մեծ ներուժ ունեն, որը կարող է հասարակության և պետության զարգացմանը հավելյալ խթան հաղորդել և առաջընթացի նոր ուղիներ բացել։

Այս ամենը մեզ մղում է ամեն օր խրախուսելու և աջակցելու կանանց, ստեղծելու նոր հնարավորություններ նրանց կարողությունները զարգացնելու և կատարելագործելու ուղղությամբ։ Եվ, իհարկե, այս համատեքստում չափազանց կարևոր է նախևառաջ ճանաչել, գնահատել և վերարժևորել մեր պետության կայացման գործում երբևէ կարևոր դերակատարում ունեցած կանանց։

Սիրելի՛ կանայք և աղջիկներ, խիզախորեն գնացեք ձեր երազանքների և նպատակների հետևից՝ համոզմունքով, որ շարունակական ու հետևողական ջանքերն անպայման արդյունք են տալիս։

Մաղթում եմ ձեզ զորեղություն, անսպառ եռանդ, դժվարություններից չվհատվելու կարողություն, սեր և ներդաշնակություն ընտանիքում, նորանոր ձեռքբերումներ մասնագիտական գործունեության, պետության զարգացման ասպարեզում»։

Նմանատիպ նյութեր